Միքայել սրբազանը տուն կգնա. Շիրակի թեմի հոգևորականները կարող են տեսակցել նրան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր կհրապարակվի Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին 2025թ. հոկտեմբերի 3-ին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, և հիմա դատախազը պահանջում է 6 ամսով ավելացնել ազատազրկման ժամկետը:

Հիշեցնենք նաև, որ Միքայել սրբազանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ բռնությամբ իշխանությունը տապալելու կոչ հնչեցնելը: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթ հարուցվել է մի տարվա վաղեմության հարցազրույցի համար, ինչին վերաբերյալ դատախազությունն ավելի վաղ ասել էր՝ արարքում հանցակազմ չկա: Սակայն Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո անհապաղ քրեական վարույթ հարուցվեց, ապա Միքայել սրբազանը կալանավորվեց:

Ինքը՝ արքեպիսկոպոսն իր հետ կատարվածը համարում է քաղաքական պատվեր:

Կարդացեք նաև

Նախորդ դատական նիստում մերժվեցին պաշտպանական կողմի միջնորդությունները՝ կապված դատական կազմի երկու դատավորներին՝ Էդգար Մանասյանին ու Վաչե Մարգարյանին բացարկ հայտնելու հետ:

Հաջորդ միջնորդությունը, կապված խափանման միջոցի փոփոխության հետ, ներկայացրեց պաշտպան Ռոման Ահարոնյանը:

«Որքանո՞վ է նպատակահարմար 63-ամյա սրբազանին բժշկական կենտրոնից վերադարձնել կալանավայր, ինչը կվերացնի բուժման ադյունավետությունը, քանի որ անգամ տարրական հիգիենայի, ստերիլության խնդիր կա»,-ասաց պաշտպանը:

Արա Զոհրաբյանն էլ խնդրեց ընտրել այլ խափանման միջոց, թեկուզ համակցված:

Մարինե Ֆարմանյանն էլ նշեց. «Միքայել սրբազանի մոտ վիրահատությունից հետո նորից գանգատ է արձանագրվել և կատարվել են համապատասխան հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ նախատեսվում է ևս մեկ վիրահատություն»:

Այսօրվա դատական նիստում դատարանը որոշեց Միքայել սրբազանի բանտային կալանքը փոխել տնային կալանքի ու բացակայելու արգելքի: Միքայել սրբազանի տեսակցություններն արգֆելված են, բացառությամբ՝ մերձավոր ազգականների, Շիրակի թեմի հոգևորականների ու բժիշկների:

Հաջորդիվ Արա Զոհրաբյանը միջնորդեց Միքայել սրբազանին թույլ տալ գնալ եկեղեցի, դատարանն ասաց՝ նման հայեցողություն չունեն, օրենքը թույլ չի տալիս, բայց այնուամենայնիվ, քննեց միջնորդությունը:

Դատախազը Հարությունյանը դիրքորոշում հայտնեց՝ թողնում են դատարանի հայեցողությանը: Դատարանը հարցի լուծումը հետաձգեց. Պետք է ուսումնասիրեն ներպետական և արտասահմանյան դատական պրակտիկան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս