Նոր որակի համախմբում․ հայտարարություն

Ավարտվեց Բաքվի շինծու «դատավարությունը»՝ «խաղաղության» ու «եղբայրության» զավեշտալի մրցանակաբաշխության ֆոնին։

2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի ղեկավարության պահվածքը Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ (խոշտանգումներ, շրջափակում, ռազմական գործողություններ, հայաթափում, գերեվարություններ) ցույց են տալիս, որ 1988 թ․, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի կողմից օրինական ձևով իր ինքնորոշման իրավունքի հաստատումը լիովին արդարացված էր, քանի որ դա ոչ միայն ազատության ձգտում էր, այլև միջոց չենթարկվելու կանխատեսվող ցեղասպանության ու հայաթափության, ինչը տեղի ունեցավ այժմ։

Ինքնորոշման իրավունքի իրացման ողջ ճանապարհին ԼՂ ժողովուրդն առաջնորդվում էր Խորհրդային Միության և միջազգային օրենքներով։ Մինչդեռ Ադրբեջանը պատասխանում էր ջարդերով, ռազմական գործողություններով ու ագրեսիայով, որը Ադրբեջանին բերեց խայտառակ պարտության։

Բաքվի դատարանում ս․թ․ փետրվարի 5-ին հրապարակված «դատավճիռը» արցախահայության ինքնորոշման իրավունքի ոչնչացման վերջին հարվածն էր, որը հարված էր նաև Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև իրավական ու մարդասիրական բոլոր միջազգային նորմերին։ Սա հարված է նաև ողջ հայ ժողովրդին և ազատում է Ադրբեջանի ձեռքերը հայության դեմ հետագա ագրեսիայի համար։

Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի գոնե նվազագույն ինքնիշխանություն ու արժանապատվություն, ապա պարտավոր է բողոքարկել այդ վճիռը։ Բայց մենք հասկանում ենք, որ այս իշխանությունների օրոք դա տեղի չի ունենա։

Հետևաբար սա նոր խնդիր է դնում աշխարհով մեկ սփռված հայության առջև՝ համախմբվել և պայքարել այս անարդարության դեմ, որը կործանարար է մեր ժողովրդի համար։

Ես կոչ եմ անում համաշխարհային հայությանը կազմակերպվել և սկսել համախմբված պայքար Բաքվի այս դատավճռի դեմ թե՛ մեր երկրում և թե՛ այն բոլոր երկրներում, որտեղ կա հայություն՝ այդ պայքարի մեջ ներգրավելով բոլոր հայկական կառույցները և հատուկ կարևորելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որը մեծ հեղինակություն ունի աշխարհում։

Մենք պարտավոր ենք ցուցաբերել նոր որակի համախմբում և բողոքարկել այդ որոշումը՝ վերահաստատելով Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ համախմբումն ու պայքարը կդառնան նաև իրական խաղաղության հասնելու երաշխիքներից մեկը։

Վազգեն Մանուկյան
06․02․2026 թ․

Տեսանյութեր

Լրահոս