Բաժիններ՝

Հունգարիան չի աջակցի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում. Օրբան

Հունգարիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների գործողություններին, եթե նրանք որոշում ընդունեն զորքեր ուղարկել Ուկրաինա, որովհետև դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջերս արած հայտարարությունը:

Փետրվարի 3-ին Կիև կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում՝ Ռյուտեն նշել էր, որ «կամեցողների կոալիցիայի» զինված ուժերը կհայտնվեն Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ դրանք կգտնվեն ցամաքում, ծովում և օդում:

«Խոսքը ոչ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտահայտության մասին է, այլև Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գրավոր համաձայնության մասին», – ասել է Օրբանը:

Նա նշել է, որ այդ կերպ Արևմուտքը հույս ունի անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, թեև դա, ընդհակառակը, ստեղծում է Ռուսաստանի հետ հակամարտության սպառնալիք:

«Ռուսներն ամեն օր ասում են. մի արեք դա, որովհետև արևմտյան երկրների զինվորները ռազմական թիրախ կդառնան, եթե մտնեն Ուկրաինայի տարածք», – հիշեցրել է վարչապետը։

Նրա կարծիքով՝ «դա նշանակում է, որ եվրոպական բանակը, եվրոպացի զինվորները կկռվեն ռուսների դեմ Ուկրաինայի տարածքում»։

«Ուստի մենք պետք է հստակ հայտարարենք, որ ոչ մի դեպքում չենք ներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի տարածքում», – ընդգծել է Օրբանը։

Նրա խոսքով՝ Հունգարիան պատրաստ չէ ամեն բանով աջակցել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, այլ «միայն մասամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս