Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն Ջակարտայում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու երկրները փետրվարի 6-ին ստորագրել են անվտանգության մասին համաձայնագիր, որը պարտավորեցնում է նրանց խորհրդակցել միմյանց հետ, եթե երկրներից որևէ մեկը սպառնալիքի տակ լինի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Համաձայնագրի մասին, որի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, առաջին անգամ հայտարարվել է 2025 թ. նոյեմբերին, երբ Պրաբովոն այցելել էր Ավստրալիա։
«Այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ Ավստրալիայի և Ինդոնեզիայի հարաբերություններն ամուր են ավելի, քան երբևէ»,- Ջակարտայում ասել է Ալբանիզը։
Պրաբովոն իր հերթին նշել է, որ համաձայնագիրն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունները։
«Ինդոնեզիային և Ավստրալիային վիճակված է ապրել կողք-կողքի, և մենք որոշել ենք այդ հարաբերությունները կառուցել վստահության և բարի մտադրությունների հիմքերի վրա», – ասել է նա։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը կազմվել է երկու երկրների միջև 1995 թվականի անվտանգության մասին համաձայնագրի օրինակով։
1995 թվականի համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել 1999 թվականին այն բանից հետո, երբ Ավստրալիան գլխավորեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն Արևելյան Թիմորում, որտեղ բռնություններ էին սկսվել Ինդոնեզիայից անկախություն ձեռք բերելու ձգտման ժամանակ։
