Թրամփը ցանկացել է Վաշինգտոնում կայարանը և օդանավակայանը վերանվանել իր պատվին, սակայն մերժվել է. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չաք Շումերին հունվարին ասել է, որ պատրաստ է հրաժարվել Նյու Յորքում խոշոր ենթակառուցվածքային նախագծի միլիարդավոր դոլարի ֆինանսավորման սառեցումից պայմանով, որ գումարի դիմաց Շումերը համաձայնի Նյու Յորքի «Փենն Սթեյշն» կայարանը և Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանը վերանվանել ի պատիվ իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Շումերը մերժել է Թրամփի առաջարկը՝ հայտարարելով, որ ինքը նման լիազորություններ չունի։
CNN-ը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 16 միլիարդ դոլար, որը հատկացվել էր Նյու Յորքը և Նյու Ջերսին միացնող Հուդզոն գետի տակ թունելի նախագծի համար:
Երկու նահանգներն էլ այժմ դատի են տվել նախագահի վարչակազմին՝ պնդելով, որ ֆինանսավորման դադարեցումն անօրինական է։
Թունելի շինարարությունը սկսվել էր դեռ մինչև Թրամփի վերադառնալն իր պաշտոնին։ Սակայն 2025 թ. վերջին ԱՄՆ նախագահը որոշեց կասեցնել նախագիծը, իսկ Դեմոկրատական կուսակցության Նյու Ջերսիի և Նյու Յորքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ որոշումն ունի քաղաքական դրդապատճառներ։
