Եվրոպան պետք է նոր գործընկերներ փնտրի իսկական անկախության համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպացիները շարունակում են իրենց համարել Միացյալ Նահանգների դաշնակիցներ, սակայն պետք է գործընկերային հարաբերություններ հաստատեն այլ երկրների հետ՝ իսկական անկախություն ձեռք բերելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն La Depeche թերթի ընթերցողների հետ հանդիպման ընթացքում:

«Այս դարի ամենամեծ մարտահրավերը հնարավոր հակամարտությունն է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: Եթե Եվրոպան որոշի անկախ լինել, նա կկարողանա իր կողմը գրավել աշխարհի այն երկրների մեծամասնությանը, որոնք հրաժարվում են լինել այս տերություններից որևէ մեկի վասալները: Դա պահանջում է մեր ռազմավարական ինքնավարության ամրապնդում և ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների ստեղծում Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի հետ, որտեղ ուժեղ է ազատ մնալու կամքը», – ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրոպան մնում են Միացյալ Նահանգների դաշնակիցները, բայց չեն ենթարկվում նրա քաղաքականությանը:

«Մենք ամերիկյան ազգի դաշնակիցներն ենք, այլ ոչ թե անձամբ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի դաշնակիցները», – ասել է նա:

Այն միջոցների թվում, որոնք Ֆրանսիայի կողմից ձեռնարկվում են  ավելի մեծ ինքնուրույնության հասնելու համար, Բարոն հիշատակել է պաշտպանության ծախսերի ավելացումը, ինչը, նրա խոսքով, կոչված  է պաշտպանելու Փարիզը «կայսրությունների գիշատիչ ախորժակից»։

Իսկ եվրոպական մակարդակում նա անհրաժեշտ է համարում հասնել ռազմական սարքավորումների ստանդարտացման։Բարոն նաև նշել է, որ առաջնահերթ խնդիր է եվրոպացիներին ընդհանուր նախագծերի շուրջ միավորելը, մասնավորապես՝ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում։

Ինչ վերաբերում է առևտրային հարաբերություններին, նախարարն առաջին հերթին գինու և այլ մթերքների ֆրանսիացի արտահանողներին կոչ է արել «փնտրել հուսալի գործընկերներ, որոնք անհեթեթ մաքսատուրքեր չեն սահմանի մեկ վայրկյանում»:

Տեսանյութեր

Լրահոս