«Ռոբերտի հոր ցանկությունն է եղել՝ որդու վերջին բառերը, որոնք հերոսության գնալուց առաջ ասել է՝ դաջի արձանի վրա». 147 հիմնական դպրոցի տնօրեն
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի 147 հիմնական դպրոցի բակում բացվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի բրոնզաձույլ արձանը։
2017 թվականից դպրոցը կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը։ Դպրոցի բակում նրա արձանի տեղադրման գաղափարն ընտանիքինն է ու ընկերներինը։ Այս տարի Ռոբերտը կդառնար 30 տարեկան։
Արձանը հեղինակել է Վահագն Պապոյանը։ Արձանի ներքևի հատվածում՝ հերոսի անուն-ազգանունից հետո, գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք նա ասել է զոհվելուց վայրկյաններ առաջ. «Դիրքը հանձնողի…»։
Այսօր մենք տեղեկություններ ստացանք, որ Ռոբերտ Աբաջյանի արձանի բացումից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են քննադատել դպրոցի տնօրինությանը՝ ասելով, թե ինչպես են թույլ տվել, որ դպրոցի բակում տեղադրված արձանի վրա նման խոսքեր հայտնվեն։
Մեր աղբյուրը փոխանցեց, որ այս քննադատությունների թիրախում մասնավորապես եղել է դպրոցի տնօրենը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, հենց նրան են ասել, թե անթույլատրելի է այդ գրառումը։
168.am-ը դիմեց Մարգարիտա Հովհաննիսյանին՝ ճշտելու՝ արձանի վրա հայտնված խոսքերն ո՞ւմ դուր չեն եկել, ովքե՞ր են եղել քննադատողները։
Պատասխանելով հարցին, Մարգարիտա Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը և հավելեց.
«Մենք շատ սիրով ու հաճույքով հավերժացրեցինք մեր հերոսի հուշարձանը, որը մեզ համար ոչ միայն քարե արձան է, այլև սիրո, միասնության խորհրդանիշ, առհասարակ խոսում է ամեն ինչի մասին։
Բոլորս գիտենք, որ սրանք Ռոբերտի խոսքերն են եղել։ Ռոբերտի հայրիկի մեծագույն ցանկությունն է եղել, որ այս խոսքերը լինեն արձանի վրա։ Արձանը Ռոբերտի հայրիկի ու նրա ընկերների կողմից է կյանքի կոչվել։ Հոր ցանկությունն է եղել՝ որդու վերջին բառերը, որոնք հերոսության գնալուց առաջ ասել է՝ դաջի արձանի վրա։ Մեր՝ ուսուցչի, մանկավարժի սուրբ գործն է նաև, որպեսզի կարողանա ցանկացած միտք հասցնել երեխային, որ Ռոբերտի այդ խոսքն իր պետության, հայրենիքի ամրության ու գիտակցված կապի մասին է»։
Նա նաև ասաց՝ դպրոցը որևէ քննադատության չի արժանացել։
Մեր աղբյուրը, սակայն, պնդում է, որ իշխանություններին զայրացրել են այս արձանի վրա տեղ գտած այս խոսքերը, քանի որ այն ուղղված է հենց իրենց՝ իշխանություններին։
Նշենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իր դիրքը պաշտպանելիս, նրա հրամանատարը եղել է Արմենակ Ուրֆանյանը։ Ռոբերտը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
