Թրամփը «մեծ հիմարություն» է անվանել Բրիտանիայի կողմից Չագոս արշիպելագը Մավրիկիոսին վերադարձնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու Մեծ Բրիտանիայի պլաններից: Չագոս արշիպելագի Դիեգո Գարսիա կղզում տեղակայված է ամերիկա-բրիտանական ռազմաբազան։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Զարմանալիորեն, ՆԱՏՕ-ի մեր «հիանալի» դաշնակից Միացյալ Թագավորությունը ներկայում պլանավորում է Մավրիկիոսին հանձնել Դիեգո Գարսիա կղզին՝ ԱՄՆ-ի կարևորագույն ռազմաբազայի տեղակայման վայրը, և դա անել բոլորովին առանց որևէ պատճառի։ Չինաստանը և Ռուսաստանը, անկասկած, նկատել են լիակատար թուլության այդ դրսևորումը։ Սրանք միջազգային տերություններ են, որոնք հարգում են միայն ուժը», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ-ն հարգում են, ինչպես երբեք։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Լոնդոնի կողմից Չագոսից հրաժարվելը «մեծ հիմարություն» է, ինչպես նաև ազգային անվտանգության ոլորտին վերաբերող իրադարձություններից մեկը, որոնց պատճառով ԱՄՆ-ն պարտավոր է «ստանալ» Գրենլանդիան։

«Դանիան և եվրոպացի դաշնակիցները պետք է ճիշտ վարվեն», – հավելել է ԱՄՆ ղեկավարը։

Մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիր ստորագրեց Չագոս արշիպելագի նկատմամբ ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջին հաշվով 101 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի Մավրիկիոսին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործման համար, որը պետք է տևի 99 տարի։ Սթարմերը հայտարարել է, որ եթե Լոնդոնը չհամաձայնի, ապա Մավրիկիոսի իշխանությունները գործը կհասցնեն միջազգային դատարաններ և, ամենայն հավանականությամբ, կհաղթեն։

2024 թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ բազմամյա վեճերից հետո Լոնդոնը Չագոսի, այդ թվում՝ Դիեգո Գարսիա կղզու նկատմամբ ինքնիշխանությունը կփոխանցի Մավրիկիոսին, սակայն այնտեղ գտնվող ռազմաբազան առնվազն 99 տարի կմնա Վաշինգտոնի և Լոնդոնի իրավասության ներքո։

2019 թ. ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Միացյալ Թագավորությունը պետք է Չագոսի նկատմամբ վերահսկողությունը փոխանցի Մավրիկիոսին։ Սակայն բրիտանական կողմն անհամաձայնություն հայտնեց այս որոշման կապակցությամբ, որից հետո Մավրիկիոսն աջակցության համար դիմեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Վերջինս ընդունեց բանաձև, ըստ որի Լոնդոնը պետք է «գաղութային վարչակազմը դուրս բերեր» կղզիներից։ Սակայն բրիտանական իշխանությունները սկզբում դա չարեցին։

Մի քանի տասնամյակ շարունակ Չագոս կղզեխմբի պատկանելությունը վիճարկվել է։ Երկրների միջև վեճը կապված է Լոնդոնի կողմից 1965 թ. Չագոսը Մավրիկիոսից անջատելու և այնտեղ ամենամեծ կղզում՝ Դիեգո Գարսիայում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմաբազա ստեղծելու որոշման հետ։ Դրա հետ մեկտեղ բրիտանական իշխանությունները վտարել են տեղաբնակներին։

Դիեգո Գարսիայում խոշոր ամերիկյան բազայի առկայությունը Չագոսը ռազմավարական տեսակետից դարձնում է առանցքային։

Տեսանյութեր

Լրահոս