2026 թվականին կպահպանվի Իսրայել-Իրան պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների հավանականությունը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայել-Իրան պատերազմը նշանակալի ազդեցություն է ունեցել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի դերակատարների քաղաքականության վրա՝ տարածաշրջանում ձևավորելով ուժային նոր հարաբերակցություն։

Այս մասին նշված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։

«Մերձավոր Արևելքում առկա ոչ պետական ռազմականացված խմբավորումների կարգավիճակի որոշումը, դրանց հետագա գործունեության հետ կապված անորոշություններն ու այդ հարցում տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հակասական դիրքորոշումներն է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը։

Իսրայել-Իրան պատերազմի հետևանքով Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը հետ մղվեցին, սակայն չչեզոքացվեցին։ Հետպատերազմական շրջափուլում գործնականում փոխվել են նաև Իրանի հետ բանակցային օրակարգի հարցերը, որոնք, բացի միջուկային ծրագրից, վերաբերում են Իրանի հրթիռային կարողություններին, ինչպես նաև Իրանի մերձավորարևելյան քաղաքականությանը։ Հետպատերազմյան փուլում երկու երկրները զբաղված են պատերազմի ընթացքում ի հայտ եկած խոցելիությունները վերացնելով և ռազմական կարողությունները զարգացնելով»,- ասված է զեկույցում։

Նշվում է, որ 12-օրյա պատերազմից հետո էլ ԱՄՆ-Իրան միջուկային հարցով բանակցությունների թեման կշարունակի մնալ ավելի լայն համատեքստում տեղի ունեցող գործընթացների վրա ազդող գործոն։

«Նկատի ունենալով այն փաստը, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը չապահովեց կողմերի ռազմավարական բոլոր նպատակների իրագործումը՝ 2026 թվականին, մեծ հավանականությամբ, կպահպանվի պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։ Սա իր հերթին կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։

Սրա հետ մեկտեղ, Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը, ամենայն հավանականությամբ, էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։ Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը»,- ասված է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս