Նիկո՛լ, դու չե՞ս ամաչում. դու էմոցիոնալ «լավուշկա» ես լարում, Էրդողանի կնոջ հանձնարարականն ես անում, ով Ալիևին ասում էր՝ խուրդի հայ գերիներին, դու մաս-մաս առևտուր ես անում. Արմեն Աշոտյան
Օրերս Բաքվից Հայաստան հայրենադարձվեցին 4 պատանդներ, ովքեր 5 տարուց ավելի պահվում էին ադրբեջանական գերության մեջ: Ադրբեջանը 4 հայ գերիների վերադարձրեց, իսկ Փաշինյանը վերադարձրեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացիների: Այդպիսով, ոչ թե Սիրիան վերադարձրեց իր քաղաքացիներին, այլ Թուրքիան Հայաստանից ստացավ իր վարձկաններին։
Դրան ու այդ ուրախալի փաստին հաջորդած իրադարձությունների մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում խոսեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Գերիների վերադարձը բոլորիս ուրախությունն է, տարոս, որ մյուսները ևս վերադառնան։ Մերոնց ցավը տանեմ, լավ է, որ վերադարձել են, բայց ո՞վ է նպաստել, որ այդ օրերին քաղաքացիական մարդիկ հայտնվեն ադրբեջանական գերության մեջ, ո՞ւմ պատճառով էր, որ անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հայերի գերեվարել։ Բոլոր գերիները պիտի Բաքվից վերադառնային և վաղուց։
Նիկո՛լ, դու չե՞ս ամաչում։ Էդ մարդկանց փաստացի քո անզորությամբ կամ դիտավորությամբ թողել ես, որ տանեն, դո՛ւ ես քո՝ իշխանության գալուց հետո ափալ-թափալ հանձնել ադրբեջանցի երկու հանցագործներին, դու ես, որ ինչ կա-չկա, տվել ես, ու հիմա եկել ես՝ մեզ վրա՞ ես ծախում գերիների վերադարձը։ Քո երկիրը ներկայացնող իբր թե պասպորտով հայը՝ Արարատ Միրզոյանը, ասում է՝ մեր պատկերացումներն Ադրբեջանի հետ մի փոքր չեն համապատասխանում…»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2015թ. շատ զարմանալի էր, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայկական կողմերին կոչ էին արել Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնց հետագայում Նիկոլ Փաշինյանը 2020թ. դեկտեմբերին հանձնեց Ադրբեջանին:
Այդ հանցագործ-դիվերսանտներն առաջինն էին, որոնք անկախության հռչակումից հետո դատական պատասխանատվության ենթարկվեցին Ղարաբաղում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։ Ուշագրավն այն էր, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում էին «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց այն ժամանակ մտահոգում էր հայաստանյան քաղաքական և փորձագիտական հանրությանը:

«Նիկո՛լ, քո Հ1-ն է ցույց տվել այդ վարձկաններին, պատմել նրանց հանցանքների մասին։ Ու դու դրանց տվել ես, որ 4 հոգի բերե՞ս։ Ես «Նուբարաշենում» հանդիպել եմ դրանց, իրենց շատ լավ են վերաբերվել։ Իրենք բանտում ավելի վատ պայմաններում չեն նստել, քան Հայաստանի քաղբանտարկյալները։ Կարելի՞ է իրենց համեմատել Բաքվում պատանդառված հայ գերիների հետ։ Էդ երկու վարձկանները կենդանի վկայությունն էին այն հանգամանքի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի կողմից ներգրավված վարձկանների, որոնք պատերազմական հանցագործություն են կատարել։ Միջազգային հետաքննության փոխարեն՝ Նիկոլն այդ վարձկաններին հետ է տվել։ Սա ես չեմ ասում, սա Նիկոլին փշի-փշի անող Եվրոպառլամենտի հայտարարության մեջ է գրված։
Նիկոլն անբարոյական էմոցիոնալ «լավուշկա» է լարել։ Նիկոլն արել է Էրդողանի կնոջ հանձնարարականը, ով Շուշիում ասաց՝ ռազմագերիներին օգտագործի առևտրի մեջ, խուրդի հայ գերիներին։ Մեր տղերքին վերադարձրել են ուշացումով, ոչ բոլորին են վերադարձրել, ու դա հիմա մեզ վրա ծախում են՝ որպես լավություն։ Մաս-մաս հետ են տալիս։ Ես նրանց ցավը տանեմ, իրենց կտտանքների մի օրը Հայաստանում քաղաքական կտտանքների 5 տարվա տեղ է։ Առողջություն իրենց։ Թող բոլորն օր առաջ գան։ Խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ մեզ վրա ծախում են մեզ՝ էշի տեղ դնելը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք նաև, 2021թ. հունիսին Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ավտոբուսներով Արցախի գրավյալ տարածքներում ուղևորության ժամանակ զրուցում էր Արցախի ականապատված տարածքների քարտեզները ստանալու մասին: Ավտոբուսում նրանց հետ էր Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, որն Ալիևին խորհուրդ էր տալիս չվերադարձնել հայ գերիներին, նրանց պահել, «կամաց-կամաց», մաս-մաս հանձնել՝ քաղաքական առևտուր անելու համար և Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով։ Այդ տեսանյութը տարածվել էր գրեթե բոլոր ԶԼՄ-ներով:
Մանրամասները՝ տեսանյութում:
