Բաժիններ՝

Էկվադորի իշխանությունները 10,000 զինվոր են տեղակայել թմրավաճառների ավազակախմբերի դեմ պայքարելու համար

Էկվադորն ուրբաթ օրը 10,000 զինվոր է տեղակայել ափամերձ երեք նահանգներում՝ թմրավաճառների հրոսակախմբերի դեմ պայքարելու համար։ Նրանք մեղադրվում են երբեմնի խաղաղ երկրում բռնության ալիքի բարձրացման մեջ, հայտնում է AFP-ն։

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի կառավարությունը խոստացել է խիստ մոտեցում կիրառել, քանի որ հարավամերիկյան այս երկրում սպանությունների և այլ բռնի հանցագործությունների մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի։

Հատուկ նշանակության ջոկատների հարյուրավոր զինվորներ ուրբաթ ուղարկվել են Գուայաս, Մանաբի և Լոս Ռիոս նահանգներ՝ «անվտանգության ապահովման գործողություններն ուժեղացնելու համար», լրագրողներին հայտնել է ռազմաօդային ուժերի գեներալ Մարիո Բեդոյան։

Զինվորականներ տեղափոխող ինքնաթիռներ են ուղարկվել նաև Մանտա՝ երկրի գլխավոր ձկնորսական նավահանգիստ։ Էկվադորը գտնվում է կոկաինի աշխարհի երկու խոշորագույն արտահանողների՝ Կոլումբիայի և Պերուի միջև և դարձել է մեքսիկական ու կոլումբիական կարտելների հետ կապված հրոսակախմբերի կողմից իրականացվող բռնության բռնկման ականատեսը։

Սպանություններն ու բախումները թաղամասերում և հասարակական վայրերում դարձել են սովորական երևույթ և ըստ Ժնևում գործող կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դիտարկման կենտրոնի տվյալների՝ 2025 թվականին երկրում գրանցվել է 52 սպանություն 100,000 բնակչի հաշվով, այսինքն ժամում մեկ սպանություն։

Պաշտպանության նախարար Ջան Կառլո Լոֆրեդոն բարձրագույն ռազմական հրամանատարությանը հրահանգել է անորոշ ժամկետով գործողություններ իրականացնել նավահանգստային Գուայակիլ քաղաքից դուրս, որտեղ զորքերը ստուգում են թմրանյութերի անօրինական շրջանառության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծովային նավահանգիստները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս