Բաժիններ՝

Վատառողջ աստրոնավտը և անձնակազմի մյուս անդամները բարեհաջող վերադարձել են Երկիր

Վատառողջ աստրոնավտն անձնակազմի մյուս երեք անդամների հետ բարեհաջող վերադարձել են Երկիր։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, աստրոնավտներին տեղափոխող SpaceX-ի կապսուլան, Միջազգային տիեզերակայանից դուրս գալուց հետո մոտ 11 ժամ անց վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում։

«Ի՜նչ լավ է տուն վերադառնալը»,- նշել է կապսուլայի հրամանատար, ՆԱՍԱ-ի աստրոնավտ Զենա Քարդմանը։ Նրա հետ Երկիր են վերադարձել ևս մեկ ամերիկացի, ինչպես նաև մեկական ռուս և ճապոնացի աստրոնավտներ։

Սա ՆԱՍԱ-ի կողմից երբևէ իրականացված առաջին բժշկական տարհանումն է Միջազգային տիեզերակայանից։ Առաքելության անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով աստրոնավտները ստիպված են եղել նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ Երկիր։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնում, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Միջազգային տիեզերակայանի հեռացող հրամանատար Մայք Ֆինկեն նախօրեին հայտնել էր, որ հիվանդ աստրոնավտի վիճակը «կայուն է, անվտանգ ու նրա մասին լավ հոգ են տանում»։ Նա նշել էր, որ իրենց վերադարձը Երկիր անհրաժեշտ է տեղում բժշկական զննություն իրականացնելու և ճիշտ ախտորոշում տալու տեսանկյունից։

Աստրոնավտներն իրենց առաքելությունը տիեզերակայանում սկսել էին օգոստոսին և ակնկալվում էր, որ այն շարունակվելու է մինչև 2026 թվականի փետրվարի վերջ։ Սակայն հունվարի 7-ին ՆԱՍԱ-ն նախ չեղարկեց ամերիկացի աստրոնավտներ Ֆինկեի ու Քարդմանի՝ նախապես պլանավորված բաց տիեզերք դուրս գալը, ապա հայտարարեց, որ ժամկետից շուտ առաքելության անդամները պետք է վերադառնան Երկիր՝ անձնակազմի անդամներից մեկի առողջական խնդրի պատճառով։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ ՆԱՍԱ-ից հայտնեցին միայն, որ գործ ունեն արտակարգ իրադրության հետ։

Աստրոնավտների վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում կմնան մեկ ամերիկացի աստրոնավտ և երկու ռուս տիեզերագնաց։ՆԱՍԱ-ն և SpaceX-ը, որի տիեզերանավերով են աստրոնավտները թռնում տիեզերակայան, ծրագրում են փետրվարի կեսերին չորս հոգուց բաղկացած նոր առաքելություն ուղարկել։

ՆԱՍԱ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ ավելի ռիսկային է տիեզերագնացին տիեզերքում թողնել առանց պատշաճ բժշկական օգնության ևս մեկ ամսով, քան ժամանակավորապես կրճատել տիեզերակայանի անձնակազմի չափը ավելի քան կիսով չափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս