Թրամփը «հիանալի անձնավորություն» է անվանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ և բարձր է գնահատել նրա հետ փոխգործակցությունը։
«Մենք այսօր հիանալի զրույց ունեցանք։ Եվ նա հիանալի անձնավորություն է։ Նա այն մարդն է, որի հետ մենք շատ լավ աշխատում ենք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե Վենեսուելայից ում հետ է նա պատրաստվում համագործակցել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցը երկար է տևել։ «Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և, ինչպես ինձ թվում է, մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Վենեսուելայի հետ», – նշել է Թրամփը։
Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։
Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։
