Բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից» ,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Նա ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:
Նա խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:
«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր:

Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,- ամփոփել է նա:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:
