Ադրբեջանից բերված բենզինը մի քանի օրում սպառվեց, հիմա նորից մի քանի հազար տոննա գալիս է, որը միայն պրեմիում չի, այլ նաև ռեգուլյար ու դիզել է. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանից Հայաստան մի քանի հազար տոննա բենզինի նոր խմբաքանակ է գալիս, որը ներկրում են նույն ընկերությունները, ինչ նախորդ անգամ։
«Նորությունն այն է, որ միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար ու դիզել է գալիս, ու նախնական գնահատականներով՝ շուկայականից մինչև 80 դրամ էժան»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ ներկրումն Ադրբեջանից արդեն «ռելսերի մեջ է մտել» և իրենք այլևս այդ հարցով չեն զբաղվում։
«Ըստ էության, բերված բենզինը մի քանի օրում սպառվեց, այսինքն՝ մեծ պահանջարկ կա»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է մյուս ընկերությունների՝ էժան բենզին ներկրելու հնարավորություններին՝ ասաց. «Ես որեւէ մեկին չեմ ընտրել, որեւէ մեկին ընտրելու հնարավորություն չունեմ։ Եթե ընտրելու լինեի, բոլորին կընտրեի։ Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կա՛մ իրենց մատակարարների հետ, կա՛մ այդ ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան բենզին բերել, որից շահողը մեր քաղաքացիներն են»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը ներկրել են «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն։
