Բաժիններ՝

ՀՀ-ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում. դիմել է 1 քաղաքացի

ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ¬ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ որոշման՝ ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։

Զորակոչը հայտարարվում է հունվարի 9-31-ը ներառյալ։

Ըստ հիմնավորման՝ 2017թ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունմամբ դադարեցվեց ուսման կապակցությամբ տարկետում տալու համակարգը։ Դրանով նախատեսում էր յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ բուհերին տարկետման իրավունքով տեղերի հատկացում:

Նշված համակարգի շրջանակներում ԵՊԲՀ ընդունված արական սեռի քաղաքացիները ստանում էին տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, ուսումնառության ընթացքում անցնում էին ռազմական պատրաստություն և ուսման ավարտից հետո նրանց շնորհվում էր առաջին սպայական կոչում՝ հաշվառելով պահեստազորում։ Դրանից հետո նրանք ենթակա էին պահեստազորի բժշկական կազմի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։

Տարկետման համակարգի վերացման արդյունքում, սկսած 2018/2019 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ում ուսումնառության համար տարկետում է տրվում միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Դրա ավարտից հետո քաղաքացին զորակոչվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև 3 ամիս հետո ներգրավվում պայմանագրային զինվորական ծառայության։

Նախկին տարկետման համակարգով ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով՝ աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների թիվը։

Դրա արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայում նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի կա (մինչև 35 տարեկան), որը նախկինում խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:

Ըստ որոշման՝ հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս