Եթե «դուխով» ղեկավար ես, կանգնիր և ասա՝ Պուտինը քեզ օգտագործում է պետության դեմ. Մենուա Սողոմոնյան
2026 թվականը քաղաքական շատ կարևոր տարի է. 2026-ին ջրբաժան է լինելու, և հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով առաջիկայում սպասվող մարտահրավերների մասին։
«Հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև՝ ուր է գնում։ Կա՛մ գնալու է թուրք-ադրբեջանական վասալ դառնալու և պետականություն կորցնելու ճանապարհով, կա՛մ գնալու է ազգային համախմբման և շատ մեծ դժվարությունների գնով Հայաստանի ինքնիշխանությունը և ազգային ինքնությունը պահպանելու ճանապարհով»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Միջազգայնագետն արձանագրում է՝ աշխարհակարգն, ըստ էության, փլուզվել է, և միջազգային իրավունքն աշխարհում այլևս չի գործում, և աշխարհում տիրող պայթյունավտանգ իրավիճակը ռացիոնալ գնահատելու դեպքում Հայաստանի իշխանությունները տրամաբանորեն պիտի վարեին հասարակությանը համախմբելու քաղաքականություն, մինչդեռ անում են ճիշտ հակառակը։
«Աշխարհն անորոշությունների ու պերմանենտ տուրբուլենտության փուլում է գտնվում, և երբ տեսնում ես, որ գլխիդ սպառնալիքներ կան կախված, որպես բանական մարդ՝ մտածում ես, որ երկրի ներսում միասնականության, համախմբման, առողջ օրակարգեր առաջ քաշելուն, դրա շուրջ ամբողջ հանրության ներուժի խնդիր կա, որովհետև եթե այդ սպառնալիքները սկսեն կյանքի կոչվել, եթե այդ ականները սկսեն պայթել, այլևս նիկոլական-ոչնիկոլական բաժանումներ չեն լինելու, չեն հարցնելու՝ դու ո՞ր ճամբարից ես, ա՞ջ ես, թե՞ ձախ ես, Առաքելական եկեղեցու հետևո՞րդ ես, թե՞ Առաքելական եկեղեցու հետևորդ չես, հետևապես, տրամաբանորեն պետք է համախմբման ինչ-որ օրակարգ տեսնես, բայց տեսնում ես ընդհակառակը։ Նիկոլ Փաշինյանը երեկ փաստացի կոչ արեց մտնել եկեղեցի և բախումներ հրահրել, կրոնական հիմքի վրա մտնել և բախումներ հրահրել»,- մեկնաբանեց Մենուա Սողոմոնյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և տիրադավ 10 եպիսկոպոսների հունվարի 4-ի հայտարարությանն ու հունվարի 6-ին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած «ուխտերթին» և այս համատեքստում այն հարցադրմանը, թե ի՞նչ իրավունք ունի Կառավարության գլուխը խառնվելու Սահմանադրությամբ պետությունից անջատ եկեղեցու ներքին գործերին կամ նախաձեռնելու եկեղեցու, այսպես ասած՝ «բարենորոգման» ծրագիր, Մենուա Սողոմոնյանը նշեց.
«Այն, որ Փաշինյանը շատ վաղուց ոտնատակ է տվել ՀՀ Սահմանադրությունը և սահմանադրականությունը, բոլորին է հայտնի, հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել, բայց քանի որ այդ հաղորդումներին ընթացք տալու մեխանիզմ չկա, դրա համար այսպիսի «բեսպրեդել» վիճակ է, և ինչ ուզում՝ ասում է։ Ասում է՝ պետությունն ու եկեղեցին մեկն են, անում է արտահայտություն, որը Սահմանադրության ուղիղ խախտում է։ Այն, ինչ նա հայտարարեց երեկ, Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Օրինակ, ասում է. «Գնացեք, մտեք եկեղեցի և պահանջեք պատարագիչներից զեղչել կաթողիկոսի անունը»։ Սա կրոնական կազմակերպության ազատության խախտում է»։
«ՀայաՔվե» միավորման ներկայացուցիչը շատ ծանր տպավորություն է ստացել վարչապետի կեցավայրում Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հանդիպման տեսարանից.
«Այդ հոգևորականները ևս պետք է պատասխան տան իրենց գործողություններով եկեղեցին քանդելու օրակարգին նպաստելու համար, որովհետև նրանք աջակցում են այն ամենին, ինչ Փաշինյանն ասում է։ Դո՛ւք էլ եք հանցակից, դո՛ւք էլ եք պատժվելու»։

Հարցին՝ ի՞նչ հիմքեր ունի Նիկոլ Փաշինյանը պնդելու, թե իբր Կաթողիկոսն ու իր մերձավոր շրջապատն օգտագործում են Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես պետության ինքնիշխանության և անկախության դեմ հիբրիդային պայքարի միջոց, և եթե սլաքները փորձում է ուղղել դեպի Ռուսաստան, ապա ինչո՞ւ այդ մասին չի ակնարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց.
«Հիմքը չգիտեմ, բայց տղամարդկություն չունի ասելու։ Եթե ինչ-որ բան է ուզում ասել, եթե դու պետական պաշտոնյա ես ու որևէ հայտարարություն ես անում, ապա քո հայտարարությունը ՀՀ անունից հանդես բերվող հայտարարություն է։ Եթե ինչ-որ մի անձի, ինչ-որ կառույցի վերագրում ես հակապետական գործունեություն, ապա պարտավոր ես ամեն ինչ ամբողջությամբ ասել։ Օրինակ, կոնկրետ կանգնի՛ր և ասա՛, որ Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը, քեզ օգտագործում է հայոց պետականության դեմ։ Եթե դա է, ինչո՞ւ չես կանգնում՝ ասես։ Եթե այդ «դուխով» ղեկավարն ես, կանգնիր և արա՛ այդ հայտարարությունը»։
Մենուա Սողոմոնյանի համոզմամբ՝ այս չարիքից ազատվելու փրկությունն ընտրական գործընթացին մեծ թվով մարդկանց մասնակցությունն է։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
