Ի՞նչ դրական առաջընթաց են ակնկալում Միրզոյանն ու Փաշինյանը Թուրքիայից

Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց է սպասվում։

Հանրայինին տված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունեն Թուրքիայի հետ, ուստի «ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա»:

«Ես տեսնում եմ և կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործընթացներն այսպես են գնում և այդպես է ստացվելու»,- նշել է Միրզոյանը:

Նրա կարծիքով՝ մոտ ապագայում այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց լինելու է:

Կարդացեք նաև

«Ընդհանուր առմամբ սա է այն գործընթացը, այն ուղղությունը, որով տարածաշրջանը գնում է և գնալու է: Անխուսափելիորեն գնացող զարգացում է, որովհետև սա շահավետ է Հայաստանի համար, շահավետ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, շահավետ է բոլոր միջազգային գործընկերների համար»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր՝ զարգացումներ սպասում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում ելույթի ընթացքում Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի հետ տարբեր մակարդակներում երկխոսությունը շարունակվում է։

«Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- հայտնել էր Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը շարունակելու է ձգտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտի ստեղծելուն։ Սակայն սրան զուգահեռ՝ Ֆիդանը բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- ասել էր Ֆիդանը։

Նա ընդգծել էր, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում «չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր»:

Նա նշել էր՝ երբ այդ հարցերը լուծվեն և ստորագրվի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ։

Սակայն ուշագրավն այն է, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մի նոր պայման օրակարգ բերեց՝ TRIPP-ի պայմանավորվածությունների իրագործում։ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի ուղղությամբ իրենց քայլերը համակարգել միմյանց հետ։

Օրերս էրդողան-Ալիև հեռախոսազրույցում անդրադարձ էր կատարվել հայ-ադրբեջանական թեմատիկային։ Թուրքիայի նախագահն անդրադարձել էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Էրդողանը մասնավորապես գոհունակություն էր հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։

Ընդհանուր առմամբ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արարատ Միրզոյանը, և՛ Հաքան Ֆիդանը դրական են որակում հայ-թուրքական երկխոսությունը, սակայն հարաբերություններում առաջընթաց չկա, ավելին, կա հրապարակային արձանագրում՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ սա նախապայման է, որին հասնելու համար ՀՀ-ն պետք է կատարի Ադրբեջանի այլ նախապայմաններ։ Եվ սա որակվում է՝ որպես դրական երկխոսություն։

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները պատահական չեն, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական որոշակի նոր պայմանավորվածություններ կան ապագա ամիսներին իրագործելու համար։

«Ես չեմ կարծում, թե խոսքը հայ-թուրքական սահմանի լիարժեք բացման մասին է, սակայն խոսքը կարող է լինել նախկին պայմանավորվածությունները կատարելու և երրորդ երկրների քաղաքացիների կամ բեռների համար սահմանը բացելու մասին։ Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան ու Հայաստանը բանակցում են, բազմաթիվ հանդիպումներ են եղել, պայմանավորվածություններ, սակայն դրանց իրագործում չկա, չկա նաև որևէ առաջընթաց, ուստի նախկին պայմանավորվածությունների իրագործումը կամ սահմանի մասամբ բացումը մեծ նորություն չէ մի իրավիճակում, երբ այդ սահմանը փակել է Թուրքիան անհասկանալի պատճառով և վաղուց կարող էր բացել սահմանը։ Հաքան Ֆիդանը  հստակ հայտարարել է, թե երբ կարող են այդ հարաբերությունները կարգավորվել՝ հնչեցնելով պայման ՀՀ քաղաքականության համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Արևելագետը կարծում է, որ Թուրքիան լիարժեք չի կարգավորելու հարաբերությունները և սահմանը չի բացելու, քանի դեռ կարգավորված չէ լիարժեք հայ-ադրբեջանական հարաբերությունը։

«Եվ սա հենց ցուցիչն է, երբ հայտարարում են, թե ռեգիոնում խաղաղություն է, ինչո՞ւ Թուրքիան առանց նախապայմանների չի բացում սահմանը։ Եթե նախապայմաններ կան, ամեն հարց չէ, որ լուծված է, նշանակում է, որ խաղաղության մասին խոսակցությունները պարզապես հայտարարություն են։

Իսկ Ադրբեջանն իր հերթին՝ հաճախ փոխում է պայմանագրի ստորագրմանն ընդառաջ դրված պայմանները, ինչից կարելի է նաև ենթադրել, որ հայ-թուրքական լիարժեք կարգավորումը կախված է Ադրբեջանի քաղաքականությունից»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա համոզմամբ՝ սա բնորոշ է թուրքական քաղաքականությանը։

«Որևէ զարմանալի բան տեղի չի ունենում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս