«Երկարատև խաղաղության համար միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից». Ալիևի «քաղաքական դասը»՝ Փաշինյանին
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բացել է «Հաղթանակի զբոսայգի»։
Հաղթական կամարի բարձրությունը 44 մետր է, դրան տանող աստիճանները ևս 44-ն են։ Այսինքն, այնքան, որքան տևել է 2020 թվականի պատերազմը, և յուրաքանչյուր աստիճանի վրա գրված է այն քաղաքը, շրջանը, որը վերցրել են` ըստ համապատասխան օրվա կամ ժամանակագրության։
Հարկ է նշել, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Ալիևը նախաձեռնել է նաև «Գյանջայի դեպքերի», «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշահամալիրների կառուցում, այսինքն՝ այս թեմաները փակված չեն, ինչի մասին դեկտեմբերի 24-ին արդեն Աղդամում՝ Ակնայում, հերթական անգամ հայտարարել է Ալիևը, թեև չի մոռացել հիշատակել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, որը 44-օրյայում իրենց տարած հաղթանակի արդյունք է:
«Նրանք, ովքեր ժամանակին այստեղից ոչ այնքան հեռու ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հետո ստիպված եղան հայտարարել՝ «Ղարաբաղը դա Ադրբեջան է», սակայն ոչ իրենց կամքով, մենք ստիպեցինք՝ մեր ժողովուրդը և պետությունը: Իհարկե, ավագ սերունդը, որը վերապրել է այդ «դառը» օրերը, երբեք չի մոռանա դրանք: Բայց երիտասարդ սերունդն էլ չպետք է մոռանա: Ապագա սերունդը չպետք է մոռանա, պետք է իմանա: Անհրաժեշտ է, որ այս պատմությունն անգիր իմանան դպրոցներում, բուհերում, ընտանիքներում: Դա մեր փառավոր հաղթանակն է: Բայց նաև մենք այս պատմությունը չպետք է մոռանանք, որպեսզի դրանից հետո ապրենք խաղաղ և անվտանգ»,- Աղդամում վերաբնակիչների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ղեկավարը և հավելել.
«Ճիշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա խաղաղության գործընթաց է գնում, որի նախաձեռնողը մենք են եղել: Դա բոլորը գիտեն: Խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում առկա բոլոր առաջարկների հեղինակը ևս մենք ենք: Բայց ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ օկուպացիան: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ մեր շեհիդներին: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ Խոջալուի զոհերին, այլ անմեղ մարդկանց մահը: Մենք երբեք չենք կարող և չպետք է մոռանանք դա: Որովհետև պատմական հիշողությունը միշտ պետք է մեր սրտերում լինի: Մեր շեհիդների պայծառ հիշատակը պետք է հավերժ մեր սրտերում ապրի, մենք չպետք է երբեք խաբվենք քաղցր խոսքերով: Սա ես կրկնում եմ ևս մեկ անգամ: Ես առաջին անգամ չէ, որ խոսում եմ այս մասին: Մենք պետք է զգոն լինենք, միշտ պետք է ուժեղ լինենք: Հենց դրա համար էլ մենք վերջին հինգ տարում զգալիորեն ամրացրել ենք մեր բանակային ներուժը, որի մի մասն անցած ամիս ամբողջ աշխարհը կարողացավ տեսնել զորահանդեսի ժամանակ: Երկարատև խաղաղության համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից: Մենք ապահովում և ապահովելու ենք դա»:
Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կայուն խաղաղության ապահովման պատկերացումները տարբեր են: Այսինքն, առանց հզոր բանակի՝ չի կարող լինել երկարատև և կայուն խաղաղություն:
Ընդ որում, սա ասում է հաղթած երկրի ղեկավարը, որի ռազմական ներուժը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական ներուժին: Իհարկե, Ալիևը պոտենցիալ թշնամի ասելով՝ նկատի չունի միայն Հայաստանին, բայց այստեղ կարևորն այն տեսլականն ու ճշմարտությունն է, որով նա առաջնորդվում է, և որը շատ ավելի մոտ է այսօրվա իրողություններին, քան, որով առաջնորդվում է Հայաստանի ղեկավարը՝ ասելով, թե՝ «պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս»:
Իսկ պատմական Հայաստանն ունեցել է ձախողումներ, պարտություններ, բայցև հաղթանակներ, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմը, 30 տարվա ընթացքում փոքր ու մեծ ռազմական բախումները, ինչո՞ւ չէ՝ 44-օրյա պատերազմը, որում թեև Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, բայց բանակը կարողացել է կարևոր տարածքներ պահել, և բուն մարտական գործողությունների ժամանակ շատ քիչ տարածք ենք կորցրել: Այս հերոսությունները Նիկոլ Փաշինյանը մոռացության է տալիս այն համատեքստում, որում պետք է հիշվի: Տղաները չեն զոհվել, որ սոդոմգոմորյան անհոգության մեջ ապրեն՝ կուշտ, երջանիկ, առանց կենսագրության և պատվի:
Այսինքն, ինչպես ցույց տվեց Ալիևը, կարելի է գնալ խաղաղության՝ առանց մի կողմ թողնելու պատմական հիշողությունը, առանց պատմության դասագրքերը փոխելու և «Եռաբլուր» գնալու վախերի, ինչի ականատեսը եղել, լինում ենք և լինելու ենք: Ինչո՞ւ է առիթի դեպքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսել չգնալ «Եռաբլուր», Ալիևն է պահանջո՞ւմ, իսկ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ՞, հատկապես, երբ, ինչպես նշեցինք, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում 2 հուշահամալիր են կառուցել, մեկ «Հաղթանակի զբոսայգի»:
Բայց Աղդամում Ալիևի «քաղաքական ապտակն» այսքանով չի սահմանափակվել, նա մանրամասն ներկայացրել էր, թե ԵԱՀԿ ՄԽ-ն, որը լուծարվեց, 30 տարի առաջ է մղել ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմի շահերը:
«Նրանք սոլիդար էին հայկական պետության՝ «օկուպանտ»-պետության, «կողոպտիչների» հետ (չակերտները։- Մ.Պ.-ի): Առանձնակի ցանկանում եմ ընդգծել ԵԱՀԿ ՄԽ-ի անբարեխիղճ և հակաադրբեջանական գործունեությունը: Այդ խումբը ստեղծվել էր 1992-ին, երբ մեր տարածքների «օկուպացիայի» առաջին փուլն էր:
Այդ խմբի և համանախագահների նպատակը ոչ թե հարցի կարգավորումն էր, այլ ընդհակառակը՝ «օկուպացիան» դարձնել հավերժ, արդարացնել Հայաստանին, ստիպել ադրբեջանցի ժողովրդին և ադրբեջանական պետությանը հաշտվել «օկուպացիայի» հետ: Ասես բանակցային սեղանի մի կողմում Հայաստանն էր և ՄԽ համանախագահները, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանը»,- շարունակել է Ալիևը, ինչի լուծարմանը հասավ 44-օրյա պատերազմից հետո նաև հենց այս պատճառով:
Այս համատեքստում Ալիևը դժգոհել է, որ «սեպարատ առաջնորդները» (նկատի ունի չճանաչված Արցախի ղեկավարներին) վիզա են ստացել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ինչն իբր նման այլ «ադմինիստրատիվ տարածքի» դեպքում տեղի չի ունեցել:
Այնուհետև նա շարունակել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ ոչնչացվել և որպես ռազմավար է վերցվել 5-6 միլիարդ դոլարի հայկական կողմին պատկանող սպառազինություն կամ զենք: Եվ հենց այստեղ Ալիևը դարձյալ պնդել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն «Իսկանդեր» է կիրառել:
«Բաքվի «ռազմավարի այգում» ցուցադրված է նաև «Իսկանդեր-Մ»-ից արձակված բալիստիկ հրթիռի բեկորները, որը Հայաստանը չպետք է ունենար, որովհետև դրա արտահանումն արգելված է: Արտահանման թույլատրելի տարբերակ է, եթե կարելի է այսպես ասել, «Իսկանդեր-Է»-ն: Ինչպե՞ս է «Իսկանդեր-Մ»-ից Շուշիի ուղղությամբ հրթիռ արձակվել, այ սա մեծ հարց է»,- նշել է Ալիևը, ինչի մասին հայտարարություն ժամանակ առ ժամանակ արվում է առնվազն 4 տարի՝ «հրթիռի 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին»:
Իհարկե, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, ըստ էության, մեսիջ է՝ ուղղված և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, որը ժամանակ առ ժամանակ հնչեցվելու է, մինչև գուցե ՌԴ-ն ինքն այդ թեման չփակի:
Մյուս կողմից, հիշում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ուղղված «մեղադրանքը», թե «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ դրա նպատակը ընդամենը սա էր՝ «երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»: Իսկ իրականում թեման կարճ ժամանակ մնաց քննարկումների օրակարգում, հետո մոռացվեց, և այն չբացվեց հետո, թերևս Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողով 2 անգամ գնալու և հարցաքննվելու արդյունքում: Թե ինչ է ասել գեներալ-գնդապետն այնտեղ՝ որքանո՞վ էր այն խայտառակ, ինչո՞ւ է կիրառվել հենց Շուշիի ուղղությամբ, ինչպես ակնարկել են նաև իշխանական շրջանակներից, բնականաբար, հայտնի չէ: Իսկ թեման առնվազն Բաքուն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, շրջանառելու է ժամանակ առ ժամանակ:
Ի դեպ, երբ Անդրանիկ Քոչարյանին 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողները հարցրել էին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր.
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Արդյո՞ք միայն զինվորականությունն է որոշել «Իսկանդերը» կիրառել Շուշիի ուղղությամբ, որտեղ չպիտի կիրառվեր, չենք կարող ասել, մինչև զինվորականությունը չխոսի, ինչը քիչ հավանական է, քանի որ անվտանգությանը և դաշնակցային հարաբերություններին վնասելու հարցեր են առաջ քաշելու: Իսկ հարցերը քիչ չեն, կարևոր են, որոնք ինչ-որ կերպ պիտի հանրային պատասխան ստանան:
Ի դեպ, հիմա էլ «Իսկանդերի» շուրջ այլ խոսակցություններ են զարգանում, որը դարձյալ պիտի իր արձագանքը գտնի՝ սկսած պայմանագրի բովանդակությունից, սահմանված իրավունքներից և պարտականություններից:

