Կառավարությունը հաստատեց առողջության ապահովագրության փաթեթի ձևավորման կարգը
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, ինչպես նաև ապահովագրության շրջանակում հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հաստատելու մասին նախագիծը։
Նախարարը նշեց, որ արդեն ընդունվել է Կառավարության շուրջ 10 որոշում, որոնք կազմում են առողջության ապահովագրության առաջին փուլի մեկնարկի համար անհրաժեշտ ենթաօրենսդրական բազան։ Համակարգը կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ օրենքը արդեն ստորագրվել և հրապարակվել է, իսկ կառավարության որոշումներով սահմանվում են բժշկական կենտրոնների և դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև ապահովագրության շրջանակում նրանց կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման կարգերը։
«Որոշումներից մեկով հաստատվել է նաև Առողջության ապահովագրության հիմնադրամի ստեղծումը, որը կստեղծվի առաջիկա երկու օրերի ընթացքում։ Անցումային փուլում նախապատրաստական աշխատանքները կիրականացնի Առողջապահության նախարարությունը և պետական առողջապահական գործակալությունը, մինչև հիմնադրամը երկու ամիսների ընթացքում ամբողջությամբ կստանձնի համակարգի գործառույթները»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների և դեղորայքի ցանկերն արդեն հրապարակված են։ Նա նաև տեղեկացրեց, որ «Արմեդ» հավելվածը թարմացվել է, և քաղաքացիները կարող են այն ներբեռնել ու տեսնել իրենց ապահովագրական կարգավիճակը։
«Եթե այսօր ներբեռնեք հավելվածը, արդեն կտեսնեք, որ ունեք 2026 թվականի ապահովագրված կարգավիճակ, և փաթեթը կակտիվանա հենց հունվարի 1-ից»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
