Բաժիններ՝

Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել աշխարհում

Կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը, որոնք երկու ամիս ցուցադրվել են Փարիզում՝ «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, մեծ հաջողություն են ունեցել թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ կինոյի երկրպագուների շրջանում։

Ցուցադրություններն իրականացվել են La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո։

Կինոհանդիսատեսին ներկայացվել են Խաչատրյանի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» կինոնկարները։

Ցուցադրությունների օրերին «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կայացել են նաև ռեժիսորի վարպետության դասերը, հանդիպումները կինոհանդիսատեսի հետ՝ Q&A` հարց ու պատասխան ձևաչափով:

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացրել են Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող հայ կինոռեժիսորներ, ինչը ևս մեկ առիթ է եղել հանրայնացնելու հայկական կինոժառանգությունը։

Ցուցադրությունների արդյուքնում Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր»-ը՝ ընտրված հազարավոր ֆիլմերից, կհամալրի «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» բացառիկ հարուստ ընտրանին, որն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստր»-ում գրանցվելուց հետո կլինի համաշխարհային կինոյի պատմության այնպիսի երևելի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Լյումիեր եղբայրների ֆիլմերը, Ֆրից Լանգի «Մետրոպոլիսը» կամ Կլոդ Լանցմանի «Շոան»։

Այս հաստատումից հետո Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» կինոնկարը կստանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված խորհրդանշական բովանդակություն և կկարողանա օգտագործել «Աշխարհի հիշողություն» պատկերանշանը։

Կարևորագույն իրադարձության առթիվ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ տարին սկսել են Հարություն Խաչատրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյով, նրա արվեստն արժևորել են միջազգային հարթակներում ցուցադրություններով։ «Այդ արժևորման ևս մեկ վկայությունն էր պետական պարգևի հանձնումը Հարություն Խաչատրյանին։ Այս տարի նրան է տրվել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը»,-շեշտեց Անդրեասյանը։

Նախարարը հրաշալի համարեց Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը 1001 վավերագրական ֆիլմերի հավաքածուում ընդգրկելու առաջարկը։ «Սա ևս մեկ հնարավորություն է ընձեռում մեր ժառանգությունն ու կինոարվեստը տեսանելի և համաշխարհային ժառանգության մաս դարձնել։ Այս զարգացումները վկայում են կինոյի ոլորտի բավականին դինամիկ զարգացման մասին։ Կինոյի ոլորտում ունենալով ձեռքբերումներ՝ պետք է կարողանանք ճիշտ ծրագրել շարունակությունը, երիտասարդներին դրսևորվելու հարթակներ տրամադրել, ինչը, իհարկե, պետական քաղաքականության ամենակարևոր ուղղություններից է»,-ասաց նա և հիշեցրեց, որ Խաչատրյանի ֆիլմերը, որոնք ցուցադրվել են Փարիզում, թվայնացվել են պետական աջակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկա է եղել փարիզյան ցուցադրություններին և շատ տպավորված է։

«Ցուցադրություններն աննախադեպ էին. «Պոմպիդու» կենտրոնը, Սինեմատեկը, Mk2 կինոթատրոնների ցանցը ծանրակշիռ, ոլորտում հարգված և անհաղթելի հեղինակությամբ կառույցներ են, որոնք ցուցադրություններ չեն կազմակերպում որևէ մեկին հաճոյանալու համար։ Այնտեղ պրոֆեսիոնալների մեծ թիմ կա, որը մանրակրկիտ ուսումնասիրում է, քննարկում ու ընտրում է այն ֆիլմերը, որոնք ցուցադրելու են։ Հիմնականում մի հեղինակից մեկ կամ երկու ֆիլմ են ընտրում, իսկ այս պարագայում ոչ միայն ընտրել էին Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, այլև՝ տասը կինոնկար, որոնք ռեժիսորը նկարահանել է ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ ֆիլմերն ընտրելով՝ նրանք ընտրել են Հայաստանը, քանի որ այդ կինոնկարներում մարդկային պատմություններ, հարաբերություններ են, Հայաստանն է՝ ինքնատիպ ձեռագրով և վարպետի ստորագրությամբ»,-ընդգծեց փոխնախարարը։

Հարություն Խաչատրյանը շեշտեց՝ ընտրված տասը ֆիլմերն իր ամբողջ կյանքի, իր անցյալի հաստատումն են՝ որպես անձնական ձեռագիր, մտածողություն ունեցող ռեժիսորի։ «Գիտեմ, որ դա կօգնի այն երիտասարդներին, որոնք նոր ճանապարհների, նոր կինոլեզվի, նոր ոճի փնտրտուքների մեջ են»,-ասաց ռեժիսորը։

Նա նշեց, որ ցուցադրություններից հետո իրեն և իր թիմի անդամներից Վարվառա Հովհաննիսյանին առաջարկել են դառնալ իտալական նորաստեղծ կինոփառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար։ «Արդեն գիտեն, որ Հայաստանը կարող է լուրջ ծրագրեր ստեղծել ու ներկայացնել աշխարհին»,-շեշտեց Խաչատրյանն ու հավելեց՝ կինոն ազգի, երկրի ամենակարևոր զենքերից է, որով հնարավոր է պատմել մեր տեսակի, անցած ճանապարհի, դժբախտությունների, դժվարությունների, հաջողությունների, ուժի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս