Նիկոլ Փաշինյանի հերթական թաքնված նպատակը․ ահազանգ կենսաթոշակառուների համար

Սպասվող ընտրություններից առաջ Հայաստանի կառավարիչներին, երևում է, շատ են անհանգստացրել վերջերս շրջանառվող այն լուրերը, թե իշխանությունները պատրաստվում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է շտապել հերքել այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես լկտի սուտ, որով որոշ շրջանակներ իբր փորձում են վախ ու տագնապ տարածել ժողովրդի մեջ։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ փորձելով հերքել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ լուրերը։ Որ Արսեն Թորսյանը չպիտի հաստատեր կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերը, բնական է։

Սպասվող ընտրություններից առաջ դա մահացու հարված կարող էր լինել իշխանությունների, առանց այդ էլ՝ շրիշակից ներքև գտնվող վարկանիշին ու չեղած հեղինակությանը։ Բայց դա չի նշանակում, թե հետո չեն գնալու կենսաթոշակային տարիքի բարձրացման։

Ո՞վ է երաշխավորել, որ ընտրություններից հետո, եթե հաջողվի վերարտադրվել, չեն բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Իշխանությունների վերջին հայտարարություններն ու քայլերը լիովին տեղավորվում են այդպիսի մտադրությունների տրամաբանության մեջ։

Կարդացեք նաև

Ինչի՞ց ելնելով որոշեցին, որ պետությունը պետք է ստանձնի միայն 65 տարեկանից բարձր թոշակառուների բժշկական ապահովագրության վճարի պարտավորությունը, երբ կենսաթոշակային տարիքը Հայաստանում սկսվում է 63 տարեկանից։ Եթե խնդիրը թոշակառուներին օժանդակելն էր, ինչո՞ւ չընդգրկեցին նաև 63-65 տարեկաններին, թե՞ նրանք, թոշակառու լինելով, աջակցության ու առողջության հետ կապված խնդիրներ չունեն։ Իսկ գուցե սրա նպատակը կենսաթոշակային տարիքը բարձրացնե՞լն էր ու 63-ից՝ 65 տարեկան դարձնելը, դրա համար էլ 63-65 տարեկան թոշակառուներին չընդգրկեցին բժշկական ապահովագրության պետության կողմից տրամադրվող փաթեթում։ Այսպես մտածելու բավարար հիմքեր, բնականաբար, քաղաքացիները կարող են ունենալ։

Հատկապես որ, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է վերջին շրջանում սկսել խոսել այն մասին, թե 63 տարեկանն ի՞նչ տարիք է որ թոշակառուի համար։ 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։

«Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուների՝ 63 և բարձր տարիքի անձանց, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև, 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է։ Մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, վերջ, ավարտվեց։ Ո՛չ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է, և մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք»,- Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վաղն էլ կարող է ասել, թե քանի որ 63 տարեկանների համար տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, ի՞նչ իմաստ ունի նրանց այդ տարիքից թոշակ տալը, թող գնան բիզնեսով զբաղվեն ու իրենց հոգսերը հոգան։

Արդեն ինքն է որոշում չէ՞, թե թոշակառուն ինչպես ծախսի իր փողը։ Ասում է՝ թոշակառուն ի՞նչ է անելու փողը, ի՞նչ իմաստ ունի թոշակ բարձրացնելը, միևնույն է, չի կարողանալու ճիշտ ծախսել։ Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն այդպես հերթական «պատմական բարեփոխումներն» է նախապատրաստում։ Իր ոճի մեջ, սկզբից տարբեր հայտարարություններով ու պատճառաբանություններով հիմքեր է ստեղծում դրա համար, հետո անցնում իրականացմանը։

Ամենաթարմ օրինակներից մեկը բերենք. Վերջերս հեծանվային հերթական զբոսանքի ժամանակ բոլորովին «պատահաբար» հայտնվեց երևանյան խցանումների մեջ։ Հաջորդ քայլով հայտարարեց, թե պետք է միջոցներ ձեռնարկել մայրաքաղաքի երթևեկությունը թեթևացնելու համար։ Հիմա էլ սկսել են քաղաքացիներին նախապատրաստել՝ ավտոմեքենաների մուտքը Երևանի կենտրոն արգելելուն։ Հիշենք նաև, թե ինչի՞ց սկսվեցին եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և  ո՞ւր հասան։ Սկզբից խոսում էր եկեղեցու «չուլանացման» մասին։ Այն ժամանակ քչերը կարող էին ենթադրել, թե այդ խոսակցություններն ուր են տանում։

Հիմա տեսնում ենք, որ շատ «անմեղ ու սրտացավ» հայտարարությունների հետևում բոլորովին այլ նպատակներ էին թաքնված։ Ժամանակ էր պետք դրանում համոզվելու համար։

Հիմա ո՞վ կարող է ասել, որ կենսաթոշակառուների վերաբերյալ իշխանությունների քայլերի ու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների տակ թաքնված չեն կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մտադրությունները։ Որքան էլ «մահվան նախարար» մականունը ստացած Արսեն Թորոսյանը փորձի հերքել այդ լուրերը, ինչո՞ւ պետք է քաղաքացիները հավատան նրան կամ իշխանությունների ասածներին։

Այս նույն Արսեն Թորոսյանը չէ՞ր, որ Քովիդը սեզոնային գրիպ էր համարում։ Պարզ է, որ ընտրություններից առաջ չէին ուզենա, որ  այդպիսի լուրեր տարածվեին։ Դա է պատճառը, որ այդքան անհանգստացել են։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե նման մտադրություններ չեն եղել ու չեն կարող լինել։ Իսկ ինչո՞ւ պիտի քաղաքացին հավատա Արսեն Թորոսյանի հերքումներին։

Նախկինում ինչեր չեն ասել, բայց հակառակն են արել՝  սկսած Արցախից, վերջացրած սոցիալական ու տնտեսական բազմաթիվ խնդիրներով։ Ասում էին՝ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը հանելու ենք, ավելի շատացրեցին, ասում էին՝ «կարմիր գծերը» վերացնելու ենք, կտրուկ թանկացրեցին՝ 12 հազար դրամից դարձրեցին 160 հազար դրամ, ու չնայած որոշումը դատական կարգով անօրինական է ճանաչվել, շարունակում են քաղաքացիների թալանով զբաղվել։

Ասում էին՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, համատարած տուգանում են։ Ասում էին՝ թոշակառուն այնքան թոշակ պետք է ստանա, որ արժանապատիվ կյանքով ապրի։

Տեսնում ենք, թե թոշակառուն ինչքա՞ն թոշակ է ստանում ու ինչքանո՞վ է կարողանում այդ թոշակով արժանապատիվ ապրել։  Շատ բաներ են ասել ու հակառակն են արել։ Իսկ ինչո՞ւ չեն կարող կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ տարածվող լուրերն այսօր հերքել, վաղը հակառակն անել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս