Բաժիններ՝

Օրբանը ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ տրամադրելու որոշումը որակել է քայլ դեպի պատերազմ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովում Ուկրաինային 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ տրամադրելու որոշումը Եվրոպային մոտեցնում է պատերազմի։

«Սա վատ որոշում է, որը Եվրոպային մոտեցնում է պատերազմի», – գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ «սա դիտվում է որպես վարկ, բայց, իհարկե, ուկրաինացիները երբեք չեն կարողանա այն վերադարձնել, ուստի դա, ըստ էության, գումարի կորուստ է»։

Նա զգուշացրել է, որ «նրանք, ովքեր կանգնած են այս վարկի hետևում, կստանձնեն պատասխանատվությունը և դրա ֆինանսական հետևանքները»։

«Փոխառություն տրամադրելը ռեպարացիա վճարելու համար անհապաղ կհանգեցնի պատերազմի։ Մտածեք այդ մասին. երկու կողմը պատերազմում են: Դուք երրորդն եք, որը գնում է այնտեղ, հսկայական գումար է հավաքում կողմերից մեկից և տալիս է թշնամուն։ Ի՞նչ է դա նշանակում։ Սա պատերազմ է», – ընդգծել է Օրբանը։

Ինչպես հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի արդյունքների շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, Եվրամիությունը որոշել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնել սեփական բյուջետային միջոցներից։

Կոշտան պարզաբանել է, որ Ուկրաինան վարկը «պետք է վերադարձնի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ռեպարացիա վճարի»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն «իրեն իրավունք է վերապահում այդ վարկը մարել սառեցված ռուսական ակտիվների հաշվին»։

Այս որոշման նկատմամբ իրենց վետոյի իրավունքից հրաժարվելու դիմաց Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցի վարկի տրամադրմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս