STARMUS-ի ութերորդ փառատոնը տեղի կունենա Կանարյան կղզիներում

Իսպանիայի Կանարյան կղզիները 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալեն իր տեսակի մեջ բացառիկ գիտության և երաժշտության STARMUS («Սթարմուս») փառատոնը։ Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող փառատոնի անցկացման մանրամասների մասին դեկտեմբերի 16-ին Լոնդոնում կազմակերպված ասուլիսում հայտնել է STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 17-22-ը Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։ 8-րդ փառատոնն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։

STARMUS փառատոնները մշտապես աչքի են ընկնում քննարկվող թեմաների բազմազանությամբ և բանախոսների բացառիկությամբ։ Նախկին փառատոններին իրենց մասնակցությունն են բերել լուսնագնացներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակիրներ, ականավոր գիտնականներ և աշխարհահռչակ երաժիշտներ։

«STARMUS VIII»-ի մասնակիցների ցուցակը դեռևս չի հրապարակվել։

Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։

Փառատոնի համահիմադիր Գարիկ Իսրայելյանը դեկտեմբերի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Ջեյն Գուդոլի պատվին նոր մեդալ ստեղծելու մասին, որը կոչվելու է Jane Goodall Earth Medal։ Եթե Հոքինգի մեդալը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար, ապա Ջեյն Գուդոլի անվան մեդալը տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման գործում։ Հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։

STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականին։ Փառատոնի համահիմնադիրները աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյն են։

2022 թվականին փառատոնն առաջին անգամ կազմակերպվել էր Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031