Ի՞նչ նամակ է Օրբանը հղել Պուտինին ԵՄ գագաթնաժողովից առաջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հարցնելով Եվրամիության կողմից երկրի սառեցված ակտիվների բռնագրավման վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքի մասին: Քաղաքական գործիչը այս մասին հայտարարել է Բրյուսելում դեկտեմբերի 18-19-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Magyar Nemzet-ը:

«Ես հարցրեցի նախագահ Պուտինին, թե արդյոք կլինի՞ արձագանք, եթե ԵՄ-ն առգրավի ռուսական ակտիվները, և արդյոք ռուսները հաշվի կառնեն այս որոշման օգտին քվեարկածներին»,- ասել է Օրբանը։ Նա հայտնել է, որ Մոսկվայից ստացված պատասխանը զգուշացնում էր «միջազգային իրավունքի բոլոր գործիքների օգտագործմամբ վճռական արձագանքի» մասին։

Միևնույն ժամանակ, նամակում նշվում էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաշվի կառնի «ԵՄ անդամ պետությունների դիրքորոշումը» այս հարցում։ «Այսպիսով, մենք՝ հունգարացիներս, պաշտպանել ենք մեզ, և մենք հստակեցրել ենք, և ես դա անում եմ հիմա, որ Հունգարիան չի աջակցի ոսկու և արտարժույթի պահուստների առգրավմանը ոչ միայն Ռուսաստանից, այլև որևէ այլ երկրից»,- ընդգծել է վարչապետը։

Քաղաքական գործիչը հաստատել է, որ ԵՄ գագաթնաժողովում դեմ կարտահայտնվի առգրավմանը, իսկ եթե նման որոշում կայացվի, Հունգարիան դատական ​​հայց կներկայացնի Եվրոպական Միության դատարան։ Օրբանը ակտիվների առգրավումը համարում է պատերազմի հայտարարությանը համարժեք: Վերջինս հիշեցրել է, որ նման գործողությունները պատմության մեջ երբեք անպատասխան չեն մնացել։

Տեսանյութեր

Լրահոս