ՀՀ դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ. այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները:
Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղի»-ն կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար:
ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների ու խորհրդակցությունների անցկացումը։
