ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻ ՕՐ ԿԶԱՐԹՆԻ ՈՒ ՆՈՐ ԿՐՈՆ ԿՀՌՉԱԿԻ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԻՐ ԳԱՀԻՆ. ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի հեճուկս Հայաստանի ղեկավար շրջանակների խաղաղության կեղծ կարգախոսների, շարունակում է վտանգ հանդիսանալ Հայաստանի համար, և Թուրքիան գնալով մեծացնում է իր ծավալապաշտական քաղաքականությունն ընդդեմ Հարավային Կովկասի և հատկապես՝ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց  թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ տարածաշրջանային իրավիճակի և հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի շուրջ։

«2020 թվականին Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացման պայմաններում թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը մեծանում է։ Բացի այդ՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ևս բերեց նրան, որ Թուրքիան էլ ավելի է կարողանում ամրապնդել իր ոտքը Հարավային Կովկասում, և իզուր չէ, որ ասում են՝ Թուրքիան կդառնա Հարավային Կովկասի ժանդարմը։

Եվ ի հեճուկս Թուրքիայի կառավարող շրջանակներում տիրող խաղաղության կեղծ լոզունգների՝ ուղղված Հայաստանին, ինչպես նաև Հայաստանի ղեկավար շրջանակների խաղաղության կեղծ լոզունգների, որ ամեն կերպ փորձում են հասարակությանը համոզել, որ այլևս գոյություն չունի թուրք-ադրբեջանական վտանգ, պետք է նշեմ, որ այդ վտանգը կա, և Թուրքիան ունի այդ ծավալապաշտությունն ընդդեմ Հարավային Կովկասի և հատկապես՝ Հայաստանի»,– մեկնաբանեց Մհեր Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մասնագետը Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների համատեքստում խոսեց նաև «Թրամփի ուղու» թեմայի շուրջ, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի շահերին, որքանով է բավարարում թյուրքալեզու պետությունների, այսպես կոչված՝ «թուրանական միջանցքով» միավորվելու հայտնի ծրագրերի իրականացումը, և ինչ կապ ունի այս ճանապարհի կամ «միջանցքի» կառուցումը դեռևս 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլի կողմից առաջ քաշված հայտնի «Գոբլի պլանի» հետ, որով հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղը փոխանակել Մեղրիի հետ։

Թուրքագետն այս առնչությամբ մեկնաբանեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ «168 Ժամ»-ի հետ հարցազրույցում վկայակոչած փաստաթուղթը, որն իր խոսքով՝ բացահայտում է «Գոբլի պլանի» նպատակը։

Սուրեն Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Կա մի փաստաթուղթ, խոսակցության սղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների միջև: Այդտեղ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը Ջորջ Բուշ ավագին ասում է՝ եկե՛ք փոխանակենք Արցախը Մեղրիի հետ, բնակչությունները տեղահանենք, Մեղրին տանք Ադրբեջանին, Արցախը տանք հայերին:  Երբ Բուշը հարցնում է՝ իսկ դա մեզ ի՞նչ է տալու, Օզալն ասում է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր էներգետիկ ռեսուրսները՝ նավթը, գազը և այլն, կշրջանցեն Ռուսաստանը և այդ տարածքով կգնան դեպի Եվրոպա, որպեսզի Եվրոպան կախվածություն չունենա Ռուսաստանից, այլ կախվածություն ունենա Թուրքիայից»։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ TRIPP-ը կամ «Թրամփի ուղին» անմիջական կապ ունի այս առաջարկի հետ։

Մեսրոպ Մաշտոցի մասին Նիկոլ Փաշինյանի «մտքի գոհարների» մասին.

«Ինձ այլևս չեն զարմացնում այդ մարդու մտքի «գոհարները», որովհետև այնպիսի «գոհարների» շարք է նա ի հայտ բերում, որ սկսում ես զարմանալ՝ արդյոք այս մարդը իրակա՞ն է։ Մեսրոպ Մաշտոցի՝ պետական պաշտոնյա լինելու այս միտքը երբ լսեցի, պատկերացրեցի Մաշտոցին կոստյումով և փողկապով, սափրված, նստած նոութբուքի առջև՝ ինչ-որ բանով է զբաղված։ Սա թյուրիմացություն է։ Անմտություն է կարծել, որ Մեսրոպ Մաշտոցը պաշտոնյա է եղել, հետո մտել է եկեղեցի»։

 Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին

«Բոլոր եկեղեցիներում կան խնդիրներ։ Մարդկանց համար էական նշանակություն չի ունեցել, թե կաթոլիկ որևէ հոգևորական զբաղված է եղել պեդոֆիլիայով։ Նրանց համար էականը կառույցն է, որ պետք է մնա անսասան, իսկ մնացած հարցերը եկեղեցին ներսում է լուծում։ Իսկ մեր Եկեղեցին, որը մի քանի անգամ ավելի անբասիր է կաթոլիկ եկեղեցուց, այսօր համաշխարհային մակարդակով ծաղրուծանակի է ենթարկում այս անձնավորությունը, և մեր Եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորներ դավաճանեցին իրենց եղբայրությունը և մասնակից դարձան դրան։

Նրանք դավաճանեցին իրենց եղբայրներին։ Ինձ համար կարևոր պայման է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է մնա իր գահին և շարունակի ղեկավարել և իրականացնել իր բարենորոգչական գործունեությունը։ Դա կապում եմ ոչ թե նրա անձի, այլ այն հանգամանքի հետ, որ Գարեգին Երկրորդն օծված կաթողիկոսն է, Գարեգին Երկրորդը ոչ թե անձ է, այլ հանդիսանում է մեր Եկեղեցու հիմնասյունը։ Եթե դա սասանվեց, ապա մեր Եկեղեցին կսասանվի»,- ասաց Մհեր Աբրահամյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս