Խաղաղությունից խոսող պետությունները սահմանազատման գործընթաց պետք է սկսեին 2021-2022թթ. Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներից. Տիգրան Աբրահամյան
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից լրատվամիջոցին հայտնել էին, որ «Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից»:
Ավելի ուշ թեմայի առնչությամբ պարզաբանում է տարածել ադրբեջանական կողմը՝ հաստատելով, որ Սոթքի հանքավայրի հատվածում ադրբեջանական պատվիրակությունը տեղազննման աշխատանքներ է իրականացրել։
Նպատակը` համոզվել, որ Հայաստանն արդյունահանման կամ շահագործման որևէ աշխատանք չի իրականացնում այդտեղ, և համապատասխան ստուգումներից հետո Բաքվի մոտ որևէ կասկած չի մնացել այն մասին, որ Հայաստանը շարունակում է Սոթքի հանքավայրի տարածքում հանքաարդյունաբերական գործունեությունը։
Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Գաբալայում հրավիրված սահմանազատման հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Իսկ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրել են, որ հանքի տարածքում հայ և ադրբեջանցի զինվորականներ քարտեզով որևէ գործողություն չեն իրականացրել, և, որ սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգով:
Նշենք, որ 2025թ. հունվարի 16-ին տեղի էր ունեցել Ադրբեջան-Հայաստան սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպումը, որի ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման հաջորդ փուլը սկսել հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի հետ:
168.am-ը փորձել է պարզել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիրքորոշումը՝ սահմանազատման հաջորդ փուլը կսկսեն Տավուշի՞ց, թե՞ Գեղարքունիքից:
Ի դեպ, օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ամենայն հավանականությամբ, սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը կսկսվի 2026 թվականի առաջին եռամսյակում, սակայն ո՞ր հատվածից, չէր նշել:
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այդքան կարևոր չէ, թե որտեղից կսկսի սահմանազատումը, որքան այն, որ դա տեղի է ունենալու խայտառակ ու խնդրահարույց փաստաթղթերով, Ադրբեջանի առաջ քաշած բանաձևերով:
Այսինքն, այս պարագայում, թե որտեղից կշարունակվի գործընթացը, երկրորդական է դառնում: Եթե խոսում ենք տրամաբանությունից, ապա խաղաղությունից խոսող պետությունները դա պետք է սկսեին պրոբլեմատիկ և իրենցից սպառնալիք ներկայացնող հատվածներից: Խոսքը վերաբերում է 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքներին: Ի սկզբանե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն առաջ է քաշել իր սկզբունքները, իսկ Հայաստանի իշխանությունները հարմարվել են եղած իրողությանը և փորձել արդարացման հիմքեր գտնել սպասվող զիջումների համար»:
Հիշեցմանը, որ Ադրբեջանի սահմանադրությունը ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսի նկատմամբ տարածքային պահանջ է ներառում, բայց հայկական կողմն այն հանելու պահանջ չի ներկայացնում, պատգամավորն ասաց, որ գործ ունենք հակասական գործընթացի հետ. մի կողմից կողմերը խոսում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու մասին, մյուս կողմից առկա է ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչությունը ՀՀ այս կամ այն տարածքի նկատմամբ հավակնությունների մասով:
Ընդ որում, Աբրահամյանի խոսքով, այն պաշտոնական մակարդակում առավել մեղմ է և տողատակերում, իսկ ոչ պաշտոնական մակարդակում՝ ագրեսիվ:
«Դրա արտահայտվող մասը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հասկացողության ներդրումն է: Եվ եթե պաշտոնական մակարդակում ավելի շատ խոսվում է, այսպես կոչված, փախստականների վերադարձի և ադրբեջանական «մշակութային ժառանգության» պահպանման մասին, ապա ոչ պաշտոնական մասով, ըստ էության, երկարաժամկետ կտրվածքով այդ տարածքների հայկական վերահսկողության հարցը կասկածի տակ է դրվում»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ ոչ պաշտոնական շրջանակները վայելում են Բաքվի իշխանությունների հովանավորությունը:
Հավելենք, որ 168.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանն անցել է WGS-84 համակարգով իր սահմանների քարտեզային հստակեցմանն ու Թուրքիայի աջակցությամբ սեփական քարտեզների «արտադրմանը»: Այսինքն, Ադրբեջանը վերաձևում է իր սահմանները՝ թուրքական աջակցությամբ:
