Բաժիններ՝

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն․Մ․ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանի հանձնարարականի համաձայն՝ ԱՄԷ-ն հայտարարել է ՄԱԿ-ի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին (GHO) աջակցելու համար 550 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերելու մասին։

ԱՄԷ–ի WAM լրատվական գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի այս ծրագիրը նպատակ ունի 2026 թվականին հավաքագրել 33 միլիարդ ԱՄՆ դոլար՝ աջակցելու շուրջ 135 միլիոն մարդու աշխարհի 23 հումանիտար գործողություններում, որոնցում ներառված են նաև փախստականներին և միգրանտներին աջակցող ծրագրերը։ Ընդ որում, ամենահրատապ առաջնահերթություն է հանդիսանում անհապաղ օգնության կարիք ունեցող 87 միլիոն մարդկանց փրկելը, ինչի համար պահանջվում է 23 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։

«Այս նախաձեռնությունը վերահաստատում է ԱՄԷ-ի անշեղ հանձնառությունը՝ ուղղված կյանքեր փրկելու և աշխարհի խոցելի բնակչության վրա ազդող աղետներին ու ճգնաժամերին արձագանքելու միջազգային ջանքերի առաջխաղացմանը։

Աջակցությունն արտացոլում է ԱՄԷ-ի կարևոր դերը բազմակողմ հումանիտար գործողությունների խթանման գործում՝ ընդգծելով երկրի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի գործակալությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) և տեղում գործող օգնության և զարգացման ծրագրերի հետ, ինչպես նաև ապահովելով օժանդակության արագ և արդյունավետ տրամադրումը կարիքավորներին՝ համաձայն ԱՄԷ նախագահի համապատասխան հրահանգների»,– ասված է գործակալության հրապարակման մեջ։

Այս կապակցությամբ, ԱՄԷ Միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ Ալ Հաշեմին ասել է.

«ԱՄԷ-ն շարունակում է համաշխարհային մարդասիրական ջանքերին աջակցելու և ՄԱԿ-ի գործընկերների հետ համագործակցելու իր անսասան հանձնառությունը՝ օգնությունն ուղղելով ամենաշատ վնաս կրածներին։ Այս պարտավորությունն արտացոլում է Ն․Մ․ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանի հրահանգները և մեր խորը համոզմունքն առ այն, որ միջազգային համերաշխությունը վճռորոշ դեր է կատարում անհապաղ հումանիտար կոչերին արդյունավետ ու կայուն արձագանքելու, ինչպես նաև մարդկային արժանապատվությունն ու կյանքը պաշտպանելու գործում»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և մարդասիրական գործերի համակարգող Թոմ Ֆլետչերը ողջունել է ԱՄԷ հայտարարությունը՝ նշելով․

«Մեր գլոբալ կոչը նպատակ ունի փրկել կյանքեր ամենաշատ տուժած տարածքներում և ծրագրերը վերածել տեղում իրական պաշտպանության: 2026թ․ ծրագրին տրված ԱՄԷ-ի արագ և առատաձեռն աջակցությունը խիստ կարիքավոր մարդկանց ուղղված հզոր ուղերձ է։ Մենք պարտավոր ենք ապահովել ժամանակի հրամայականին համապատասխանող արդյունավետ և նորարարական արձագանք»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ առողջապահական համակարգի փլուզման նշանները սովորաբար ի հայտ են գալիս շատ ավելի վաղ, քան դրա տեղի ունենալը՝ արտահայտվելով հիվանդությունների բռնկումներով, թերսնմամբ և կանխարգելման ենթակա մահացությունների աճով։

«Այնուամենայնիվ, համատեղ աշխատանքով մենք կարող ենք վերականգնել առողջապահական ծառայությունները և փրկել կյանքեր։ Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ԱՄԷ նախագահ Ն․Մ․ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ-ին այս աջակցության համար, որը կենսականորեն կարևոր մարդասիրական առողջապահական ծառայություններ կապահովի խիստ կարիքավոր միլիոնավոր մարդկանց համար»,–ընդգծել է նա։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը նկատել է․

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարձր է գնահատում ԱՄԷ-ի առատաձեռն աջակցությունը, որը մեծ ազդեցություն կունենա հումանիտար ճգնաժամի պայմաններում հայտնված երեխաների կյանքը փրկելու և բարելավելու վրա»՝ հավելելով, որ ճգնաժամերի ժամանակ երեխաները միշտ ամենախոցելին են, և երբ կարիքները գերազանցում են ֆինանսավորումը, մարդասիրական աշխատանքը հայտնվում է տագնապալից իրավիճակում։ Նա ընդգծել է նաև․ «Ահա թե ինչու ենք մենք այդքան ջանք գործադրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության միջոցով»։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս ողջունել է հայտարարությունը՝ նշելով.

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի ամուր հանձնառությունը հումանիտար ոլորտում։ Չնայած ծանր ֆինանսական պակասորդին, որոնք լուրջ մարտահրավեր են միլիոնավոր հարկադիր տեղահանվածների համար, ԱՄԷ-ի կառավարությանը նման կառավարությունների ներդրումները հնարավորություն են տալիս ՄԱԿ-ի ՓԽԳՀ-ին բարելավել իր արձագանքման հնարավորությունները և հույս ներշնչել ամենախոցելիներին»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մաքքեյնն ասել է․

«Մարդասիրական կարիքների աճի և ռեսուրսների վտանգավոր կրճատման պայմաններում ԱՄԷ-ի կողմից տրված առատաձեռն աջակցությունը կենսական նշանակություն ունի, որը կօգնի ապահովել օգնության տրամադրումը դրանց կարիքն ամենաշատը ունեցողներին։ Մենք երախտապարտ ենք ԱՄԷ-ին այս աննախադեպ ժամանակներում ցուցաբերած առաջնորդության համար։ ՊՀԾ-ն պատրաստ է համագործակցել ԱՄԷ-ի հետ՝ ապահովելու այս անհրաժեշտ աջակցության մատակարարումը ամբողջ աշխարհում սուր պարենային պակասի առջև կանգնած միլիոնավոր մարդկանց»։

Հրապարակման մեջ շեշտվում է, որ այս աջակցությունն ամրապնդում է ԱՄԷ-ի և ՄԱԿ-ի մարդասիրական համակարգի միջև առկա ուժեղ ռազմավարական գործընկերությունը և վերահաստատում ԱՄԷ-ի կենտրոնական դերը՝ դիմակայելու համաշխարհային ամենահրատապ հումանիտար մարտահրավերներին, ամրապնդելու միջազգային հանրությանը պաշտպանելու կարողությունը, ինչպես նաև ապահովելու կայունություն ճգնաժամից տուժած տարածքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031