Բեռլինը փորձում է ավելի տեսանելի դեր ստանձնել Հարավային Կովկասում․ ի՞նչ ցույց տվեց Փաշինյանի այցը Գերմանիա
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ հանդիպումներ ունեցավ ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, գերմանացի գործարարների, տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն, որտեղ ելույթ ունեցավ և պատասխանեց ներկաների հարցերին։
Փաշինյանը և կանցլեր Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր: Սրան հաջորդած ասուլիսի ընթացքում Փաշինյանն ասաց, որ իր այցը պատմական է, քանի որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։
Կանցլեր Մերցը շնորհավորեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար՝ նշելով, որ դա մեծ գործ է, և Դաշնային կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին։
«Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության և Վաշինգտոնում օգոստոսին՝ նաև տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում` լուծելու մնացյալ հարցերն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում»,- ասաց Մերցը։
Փորձագետների, դիվանգետների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսեց վաշինգտոնյան պայմանավորվածությունների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարից ու Երևան-Բաքու խաղաղության հաստատման գործընթացի մասին՝ տեղեկացնելով, որ ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ են վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
Նրա խոսքով, «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Փաշինյանը նաև ասաց, թե շատերը հարցնում են՝ ե՞րբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ, և որքանո՞վ է իրատեսական այս նպատակը։
«Մեր նպատակն է` ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության՝ ԵՄ անդամակցությունն անհնար է։
Երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի այս եվրոպական չափանիշներին, մեր առջև կբացվի երկու ճանապարհ. կամ մեզ կընդունեն որպես ԵՄ անդամ պետություն, կամ՝ ոչ։ Իհարկե, մեր նախընտրելի սցենարն առաջինն է։ Նույնիսկ, եթե անդամակցությունը տեղի չունենա, մենք հասած կլինենք կարևոր հանգրվանի. Հայաստանը կլինի մի երկիր, որը կհամապատասխանի ամենաառաջադեմ ժամանակակից չափանիշներին»,- ասաց Փաշինյանը Գերմանիայում։
Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս այցին ընդառաջ՝ օրերս Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել էր Իլհամ Ալիևին, որի ընթացքում քննարկվել էին Երևան-Բաքու զարգացումները, Բեռլին-Բաքու հարաբերությունները, ինչպես նաև Մերցն Ալիևին հրավիրել էր Գերմանիա։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս այցը Գերմանիա և Գերմանիայի դիրքավորումը Հարավային Կովկասում պետք է դիտարկել ոչ միայն՝ որպես երկկողմ հարաբերությունների ակտիվացում, այլև ավելի խոր՝ ԵՄ ներսում ուղղությունների վերաձևում, որտեղ Բեռլինը փորձում է ավելի տեսանելի դեր ստանձնել Հարավային Կովկասում։
Ըստ նրա, Գերմանիայի համար Հայաստանը, Ադրբեջանը կարևոր են միանգամից մի քանի առանցքով։

«Ուկրաինայի պատերազմից հետո Գերմանիան լրջորեն վերանայել է իր անվտանգության քաղաքականությունը։ Գերմանիայի համար կենսական են այն տարածաշրջանները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ եվրոպական անվտանգությանը։ Հարավային Կովկասն այս առումով ընկալվում է՝ որպես բուֆերային գոտի, որտեղ Ռուսաստանի ազդեցության նվազումը, բայցև պահպանվող որոշակի ազդեցությունը, Իրանի անկանխատեսելիությունը ռիսկեր են ստեղծում, ինչին Գերմանիան չի կարող չարձագանքել։ Այս համատեքստում Հայաստանին տեսնում են՝ որպես գործընկեր, որը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին նույնիսկ բավականին մեծ անորոշության պարագայում»,- ասաց Եվսեևը։
Նրա խոսքով, ռեգիոնալ զարգացումները գլոբալ առումով բխում են նաև Գերմանիայի շահերից, խոսքը թե այդ զարգացումների աշխարհաքաղաքական բաղադրիչի, թե պրակտիկ պայմանավորվածությունների մասին է։
«Գերմանիան չի ցանկանում թողնել Կովկասը միայն Ֆրանսիայի ազդեցության ներքո, հատկապես, երբ կա նաև առանձին ակտիվություն Մեծ Բրիտանիայի կողմից։ Բեռլինին անհրաժեշտ է ընդլայնել տարածաշրջանային գործընկերությունը, ավելի երկարաժամկետ գործընկերություններ հիմնել, ընդլայնել ազդեցությունը։ Ուստի Գերմանիան այս տարիների ընթացքում նաև փորձեց բանակցային միջնորդություն, ինչն այնքան էլ չհաջողվեց։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ հանդիպումներից հետո բոլորը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում, որպեսզի ռեգիոնի նոր ձևավորվող իրականությունում ունենան կայուն «տեղ»։ Բեռլինը Հարավային Կովկասում պատրաստ է ստանձնել այնպիսի դեր, ինչին նախկինում ավելի զգուշավոր էր մոտենում»,- ասաց Եվսեևը։
Ըստ նրա՝ այս մոտեցումների փոփոխությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը պարզապես ձգտում է սերտ գործընկերության Արևմուտքի հետ, խոսակցությունների ֆոնին, թե խաղաղություն է ռեգիոնում, կա ընկալում երևի թե, որ ճգնաժամային աջակցություն, միջնորդ, բարդ դիվանագիտություն պահանջող երկիր չէ։ Սակայն նա նաև նշեց, որ այդ խաղաղության մասին ընկալումները լիարժեք չեն, քանի որ Արևմուտքը լիարժեք չի պատկերացնում իրավիճակը։
«Արևմուտքի համար կարևորը վերջնարդյունքն է, որ ռեգիոնում խնդիր չլինի, սակայն գլխավորն այն է, թե ինչպես է այդ արդյունքը ձևավորվում, ինչ տեսք ունի այն։ Այստեղ էական հանգամանք է, որ համաձայնագիրը ստորագրված չէ, ինչպես նաև դրա ստորագրման համար կան որոշ պայմաններ, խնդիրներ, երբեմն հայտարարություններում են նկատվում նոր պայմաններ։
Դրանք խաղաղությանը նպաստո՞ղ գործոններ են։ Ես կարծում եմ՝ ոչ, ընդունված է համարել, որ չկա համաձայնություն, քանի դեռ համաձայնեցված չեն բոլոր հարցերը։ Հարավային Կովկասում իրավիճակը պետք է գնահատվի լիարժեք այլապես խաղաղությունը չի լինի իրական ու ամուր»,- ասաց Եվսեևը։
Հիշեցնենք, որ օրերս Ալիևը հերթական անգամ խոսել էր, այսպես կոչված, վերադարձի օրակարգից։ «Անհրաժեշտ է ապահովել Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձն ու ձեռնարկել քայլեր՝ հայերի կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքի շրջանակներում գնահատելու համար»,- հայտարարել էր Ալիևը՝ դիմելով Բաքվում անցկացվող միջազգային համաժողովին։

