Փաշինյանին կասեն՝ մենք ձեզ 500 մլն, 1 մլրդ եվրո կտանք, արեք, ինչ ասում ենք. ի՞նչ նոր զիջումների են «քաջալերում» Հայաստանին
Ադրբեջանը, որը Եվրամիության ղեկավարության կամ Բրյուսելի օժանդակությամբ վերջնականապես հայաթափեց ու բռնազավթեց Արցախը 2021-2023թթ. բրյուսելյան գործընթացի միջոցով, այժմ նույն Բրյուսելի օգնությամբ փորձում է լուծել իր մնացած հարցերը և կոնֆլիկտը տեղափոխել ՀՀ տարածք։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով Հայաստան-ԵՄ և Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացումները և մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը Փաշինյանին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում «հաջորդ քայլերը» անելու հարցում «քաջալերելու» մասին։

«Հիմա մենք մի նոր փուլի առաջ ենք։ Այլ խոսքերով՝ Ադրբեջանը նույն Բրյուսելի օժանդակությամբ առնվազն իր համար լուծեց Արցախի հարցը, հանեց իր տարածքից կոնֆլիկտը և հիմա փորձում է կոնֆլիկտը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ «անկլավները», ադրբեջանցիների «վերադարձի» և այլ հարցերը՝ բոլորը կոնֆլիկտը Հայաստանի տարածք տեղափոխելու քայլեր են, և հիմա փորձ է արվում լուծել այդ հարցերը։
Եվրոպայի դիրքորոշումը, կարծում եմ, այստեղ դա է՝ իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանին, եթե դա կնպաստի իրենց քաղաքական ազդեցության առավել առաջմղմանը։ Կրկնեմ՝ աշխարհաքաղաքական մրցակցության տրամաբանության իմաստով սա շատ հասկանալի է, այլ հարց է, որ սա հասկանալի չի կարող լինել ՀՀ շահերի և անվտանգության իմաստով»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ եվրոպացիների համար շատ կարևոր է այս տարածաշրջանում ստանալ ինչ-որ միջավայր, որտեղ իրենք դերակատարում ու ազդեցություն կունենան, և իրենց համար կարևոր չէ՝ Հայաստանի ինչ զիջումների հաշվին.
«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ անվերապահ ընդունել Հայաստանի նարատիվները, կարծում եմ՝ կքաջալերեին Ադրբեջանին։ Իրենց համար խնդիրը հետևյալն է՝ ո՞ւմ զիջումների միջոցով է հնարավոր հնարավորինս կարճ ժամանակում հասնել քաղաքական նպատակների՝ այն միջավայրի ձևավորմանը, որն իրենք համարում են աշխարհաքաղաքական իմաստով կարևոր Եվրամիության համար։ Եթե Հայաստանը, ցավոք սրտի, ցույց է տվել, որ իր միջոցով դրան հասնելն ավելի արագ է, բնականաբար, ակնկալելու են, որ դա շարունակի տեղի ունենալ Հայաստանի հաշվին։ Ժողովրդական լեզվով ասած՝ Նիկոլ Փաշինյանին կասեն՝ «Դե լավ, դա էլ ընդունեք, հիմա ձեզնից ի՞նչ է գնում։ Դա էլ ընդունեք՝ մենք ձեզ 500 մլն եվրո կտանք սրա համար, 1 մլրդ կտանք սրա համար։ Դա էլ ընդունեք, այս թեման փակենք, ձևավորենք այն միջավայրը, որտեղ մենք կլինենք աշհարհաքաղաքական իմաստով ավելի կենսունակ և կկարողանանք մեր ծրագրերն առաջ տանել»»։
Այսպիսով, ըստ Հակոբ Բադալյանի մեկնաբանության՝ Փաշինյանի գլխավորած Հայաստանը շարժվում է դեպի Ադրբեջանի ռազմավարական նարատիվները և Ադրբեջանի ղեկավարության սահմանած նշաձողերի կատարումը։
Վերլուծաբանն այս համատեքստում ընդգծեց, որ աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն չի մտածելու Հայաստանի պաշտպանության մասին, և Հայաստանն է, որ պետք է պաշտպանի իր շահերը և դիվանագիտական այնպիսի հմտություններ և կարողություններ ցուցաբերի, որ արտաքին դերակատարների մոտ չձևավորվի այն պատկերը, որ կարելի է մշտապես Հայաստանի հաշվին լուծել հարցեր։
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (ԳԴՀ), որտեղ հանդիպումներ էր ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավարի՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր, որով կողմերը, ճանաչելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները, երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը խորացնելու իրենց ցանկությունն են հաստատում, նաև վկայակոչում են «փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը», ինչպես նաև՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները։

Ըստ ստորագրված փաստաթղթի՝ Հայաստանն ու Գերմանիան մտադիր են համագործակցել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և առևտրային, անվտանգության և պաշտպանության, և այլն։
Առավել ուշագրավ էին հանդիպումից հետո Փաշինյանի և Մերցի հայտարարությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Գերմանիայի կանցլերը, մասնավորապես, խոսել էր տարածաշրջանի մասին՝ շնորհավորելով Փաշինյանին Ալիևի հետ «խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու» կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել էր, թե «քաջալերում է» Փաշինյանին հաջորդ քայլերը կատարելու հարցում՝ լուծելու մնացյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության և Վաշինգտոնում օգոստոսին՝ նաև տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում` լուծելու մնացյալ հարցերն Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- մասնավորապես նշել էր Մերցը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում ստորագրել էին համագործակցության նոր՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
