Մեր փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական. Արարատ Միրզոյանը՝ Վրաստանում
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկումների արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Նախարար Միրզոյան. «Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտները և իրադարձությունները` կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։
Դա փոխկապակցվածությունն է։ Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը՝ առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական»։

