Վրաստանին չեն հրավիրել ԵՄ ընդլայնման ֆորումին՝ եվրոպական ուղուց շեղվելու պատճառով. Եվրահանձնաժողովի խոսնակ

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել ԵՄ ընդլայնման առաջին ֆորումին, քանի որ Թբիլիսին նահանջում է անհրաժեշտ բարեփոխումներից և ժողովրդավարությունից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։

«Անցյալ շաբաթ մենք ներկայացրել ենք մեր ընդլայնման զեկույցը, որը վերաբերում էր Վրաստանին։ Մեր դիրքորոշումը հստակ արտահայտված է այնտեղ։ Ընդլայնման զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց։ Զեկույցում նշվում է բարեփոխումների նահանջ, և սա աննախադեպ իրավիճակ է թեկնածու երկրի համար։ Վերջին ամիսներին այն վատացել է, և մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության հետ կապված գործերը վատ են ընթանում», – ասել է նա։

Մերսիեն հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդն իր եզրակացություններում նշել է, որ Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացը փաստացի դադարեցվել է։ Եվրոպական հանձնաժողովն այժմ ավելի քիչ շփումներ ունի վրացական իշխանությունների հետ։

Եվրոպական հանձնաժողովի առաջին ընդլայնման ֆորումը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 18-ին Բրյուսելում: Միջոցառումը կնախագահի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը:

Տեսանյութեր

Լրահոս