
Փաշինյանը Ալիևին զիջումները լրացնում է երկրում կուսակցությունները վերահսկելու և ՀՅԴ-ն փակելու քայլով. Արթուր Խաչատրյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է փոխել «Կուսակցությունների մասին» ընդունված օրենքը, ասաց, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ վերահսկի իր համար ոչ ախորժալի կուսակցություններին, քանի որ վտանգ է տեսնում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումներ է պետք իրականացնել, որոնք կներառեն քաղաքական կուսակցությունների թափանցիկության ավելի խիստ պահանջներ:
Ըստ նրա՝ ժողովրդավարական և թափանցիկ չափանիշներին չհամապատասխանող կուսակցությունները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից, և անհրաժեշտության դեպքում պետք է փոխվի «Կուսակցությունների մասին օրենքը», որը, ի դեպ, ընդունվել է հենց իր՝ Փաշինյանի իշխանության օրոք։
«Վտանգ են տեսնում, ու ընտրություններին թույլ չտալու համար է, ինչպես արվել է 1995 թվականի հուլիսին»,- ասաց Խաչատրյանը։
Նա հայտարարեց, որ ՅԴ-ն ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես՝ անդամավճարներից:
Խաչատրյանը նաև նկատեց՝ ՀՅԴ-ում մեկը ելույթ չի ունենում, իսկ մնացածը` ծափահարում ու «կեցցե» գոռում, այլ մարմին են ընտրում և հանձնարարում իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։