
Նեթանյահուն արդարացված է համարում Կատարում Իսրայելի հարվածը ՀԱՄԱՍ-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդարացված է համարում Կատարում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին։
Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:
Նրա խոսքով՝ Կատարը, որպես միջնորդ հանդես գալով մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում, «կապված է ՀԱՄԱՍ-ի հետ», ուժեղացնում, հյուրընկալում և ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին։
Եվ այդ պատճառով Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հասցված հարվածը «լիովին արդարացված է», նշել է Իսրայելի վարչապետը։
«Եթե Կատարը ցանկանար, ապա հեշտությամբ կարող էր զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, և դա մեզ կօգներ մեր բոլոր պատանդներին ազատել դեռ պատերազմի առաջին ամիսներին», – ասել է Նեթանյահուն The Times of Israel-ին։
Նա նաև հրաժարվել է նոր տեղեկություններ տրամադրել այն մասին՝ արդյոք Դոհային հարվածի ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ։
«Մենք դեռ ստուգում ենք դա։ Դա դեռ վերջնական չէ։ Մենք սպասում ենք արդյունքներին», – ասել է Նեթանյահուն։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհայում գտնվող շենքերից մեկին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է շարժման հինգ անդամ, այդ թվում՝ շարժման գլխավոր բանագնաց Խալիլ ալ Հայիի որդին, սակայն բոլոր բարձրաստիճան անդամները ողջ են մնացել։ Բացի այդ, զոհվել է Կատարի անվտանգության ուժերի մեկ անդամ։ Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Դոհային։