Բաժիններ՝

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Նաբաթիե քաղաքին. կան վիրավորներ

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել Լիբանանի Նաբաթիե քաղաքից արևմուտք գտնվող Քսար Զաաթար շրջանում գտնվող շենքին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ յոթ կին և չորս երեխա, որոնցից երկուսը ծանր վիճակում են։  

Ավելի վաղ Բինտ Ջբեյլ շրջանի Յատեր ավանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ քաղաքացի էր վիրավորվել։ Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը սեպտեմբերի 15-ի առավոտյան ներխուժել են Լիբանանի հարավում գտնվող Հուլա ավան և պայթյուն իրականացրել տներից մեկում։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Նաբաթիե շրջանում «Հեզբոլլահ»-ի շտաբին։

Համաձայն հայտարարության՝ շտաբի առկայությունն այդ տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ «Հեզբոլլահ» կազմակերպությունը շարունակում է Լիբանանում իր ահաբեկչական ենթակառուցվածքները վերականգնելու փորձերը՝ միաժամանակ վտանգի ենթարկելով Լիբանանի քաղաքացիական բնակչությանը և օգտագործելով նրանց որպես մարդկային վահաններ։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայել Պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշված է հայտարարության մեջ։ 

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ 

Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս