
Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար

Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար2 րոպեի ընթերցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։
Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Իսրայելցիները սկսել են այնտեղ (Գազա) գործողություններ իրականացնել: Այսպիսով՝ մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս չունենք ամիսներ, հավանաբար, ունենք օրեր և, միգուցե, մի քանի շաբաթ», – նշել է Ռուբիոն Իսրայելից Կատար մեկնելուց առաջ։
Նա ընդգծել է, որ Կատարը մնում է միակ պետությունը, որը կարող է միջնորդել Գազայում հրադադարի հասնելու հարցում՝ չնայած նախորդ շաբաթ Դոհայում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ուղղված հարվածին։«Ակնհայտ է, որ նրանք (ՀԱՄԱՍ) պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են դա անել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո, թե ոչ։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ եթե աշխարհում կա մի երկիր, որը կարող է օգնել վերջ դնել դրան բանակցությունների միջոցով, դա Կատարն է», – ընդգծել է Ռուբիոն։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում: ՀԱՄԱՍ-ին Դոհայում թիրախավորելու վերաբերյալ Նեթանյահուն նշել էր, որ «Իսրայելը շարունակում է հստակեցնել Կատարին հասցված հարվածի վերջնական արդյունքները»։