
Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար

Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» գործողությանն աջակցելու շրջանակներում: Այս մասին հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր Լեհաստան են ժամանել երեք ուղղաթիռներ՝ մեր մերձավոր դաշնակցի արևելյան սահմանի օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մեր օդաչուները մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր դաշինքի արևելյան թևում «Արևելյան պահապան» գործողության մեկնարկի մասին։ Գործողության հայտարարված նպատակն է «վերացնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ սպառնալիքները»։
Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանում որևէ օբյեկտ չի թիրախավորվել, և գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել լեհական կողմի հետ: