
Եվրոպական երկրները պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան

Շվեդիան անհապաղ Լեհաստան կուղարկի հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիա: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Լեհաստանի ՊՆ ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկատվություն ստացա Լեհաստանին անհապաղ լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր և ավիացիա ուղարկելու մասին», – ասել է Կոսինյակ-Կամիշը, որի խոսքը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։
Նա տեղեկացրել է, որ իր հերթին Նիդեռլանդները տրամադրում է պաշտպանական համակարգեր՝ Patriot զենիթահրթիռային համալիրներ, NASAMS համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև 300 զինծառայող։
«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Բալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները, պատրաստ են աջակցություն ցուցաբերել և կոնկրետ հայտարարություններ են արել։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը հազվադեպ և լուրջ իրավիճակ է», – ընդգծել է Կոսինյակ-Կամիշը։