
Հայաստան-Իռլանդիա․ ամեն ինչ երկրորդ տուրի վճռորոշ խաղի մասին

Սեպտեմբերի 9-ին Երևանը կրկին շնչելու է ֆուտբոլով․ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կկայացնի իր երկրորդ խաղը 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլում։ Մրցակիցը՝ Իռլանդիայի հավաքականը։
Ինչ վիճակում է Հայաստանը
Հայաստանի հավաքականը ծանր մեկնարկ ունեցավ ընտրական մրցաշարում․ առաջին տուրում Եղիշե Մելիքյանի թիմը սեփական հարկի տակ 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային։ Այդ պարտությունը ոչ միայն մրցաշարային վիճակագրության, այլև հոգեբանական առումով լուրջ հարված էր։ «Շատ դժվար է վերականգնվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն՝ 0:5 հաշվով պարտվելուց հետո։ Ուզում ենք արագ մոռանալ կատարվածը, բայց իր հետքը միշտ մնում է», – նշեց Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում։
Այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Իռլանդիայի դեմ հանդիպումն ավելի իրատեսական հնարավորություն կտա թիմին պայքարել հաղթանակի համար․ «Իռլանդիան բարձրակարգ հավաքական է, բայց Պորտուգալիան չէ։ Մենք ունենք խաղային ծրագիր, թե ինչպես պետք է գործենք նրանց դեմ, և դա ներկայացրել ենք թիմին»։
Թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանն իր հերթին ընդգծեց, որ Պորտուգալիայի հետ խաղը, անկախ ծանր արդյունքից, մեծ փորձ էր․ «Մենք վերլուծել ենք սխալները։ Հուսով եմ, որ վաղվա խաղում կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին»։
Իռլանդիայի նախախաղային սպասումները
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսսոնը չի թաքցրել, որ վաղվա խաղից սպասում է մեծ ճնշում Հայաստանի կողմից․ «Վստահ եմ, որ Հայաստանը շատ կհարձակվի։ Նրանք կունենան ուժերի առավելություն և մեկ լրացուցիչ օր վերականգնման համար։ Մենք պետք է պատրաստ լինենք սրան և չկրկնենք վերջին խաղերի սխալները, երբ արագ գոլեր ենք բաց թողել»։
Նրա խոսքով, Հայաստանի հավաքականի գլխավոր ուժեղ կողմերից մեկը մնում է արագ հակագրոհը և խաղադաշտի կողմերի միջև արագ անցումը․ «Մեզ համար կարևոր է նրանց չթողնել տարածք և արագ ավարտել մեր գրոհները։ Հենց դա է, ինչից ես ամենաշատը զգուշանում եմ»։
Մրցավարական անձնակազմը
Հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարն է Գոգա Կիկաչեիշվիլին, օգնականները՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գիորգի Կրուաշվիլին։ VAR-ի պատասխանատուները նիդերլանդցի մասնագետներ Դենիս Հիգլերն ու Ռիչարդ Մարտենսն են։
Թիմերի վիճակագրությունը
Հայաստանը դեռ հաղթանակ չի գրանցել վերջին հինգ խաղերում։ Վերջին հաջող հանդիպումը Լիգա ազգերի B դիվիզիոնի փլեյ-օֆֆից առաջ էր։ Դրանից հետո հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Վրաստանին (0:3 և 1:6), ապա պարտություն կրեց Կոսովոյից (2:5), խաղաց ոչ-ոքի Չեռնոգորիայի հետ (2:2) և բացեց որակավորման փուլը ծանր պարտությամբ Պորտուգալիայից։
Իռլանդիան էլ վերջին երեք խաղում չի հաղթել։ Ընկերական հանդիպումներում գրանցեց ոչ-ոքի Սենեգալի (1:1) և Լյուքսեմբուրգի (0:0) դեմ, իսկ ընտրական փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց Հունգարիայի հետ հանդիպումը՝ փրկվելով միայն ավելացված ժամանակում։
Խաղի կարևորությունը
Երկու թիմերն էլ մոտեցել են հանդիպման առանց հաղթանակի շարքով, ինչն այս խաղը դարձնում է առանձնապես կարևոր։ Հայաստանի համար սա հնարավորություն է կանգնելու ոտքի՝ ծանր պարտությունից հետո, իսկ Իռլանդիայի համար՝ ցույց տալու, որ թիմը չի բավարարվելու միայն ոչ-ոքի արդյունքներով։
Հայաստան – Իռլանդիա խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 20։00-ին։ Մթնոլորտն ակնկալվում է թեժ․ երկրպագուները կրկին պատրաստ են աջակցել ազգային հավաքականին։