Բաժիններ՝

«ԱքսելՄոնդրիանի» հիմնադիրը վարպետաց դաս է անցկացրել «Ուսանողի Տան» 2025թ. սաների համար

«ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանը և թիմը հանդիպում-վարպետության դաս են անցկացրել «Ուսանողի Տուն» նախագծի 2025թ. սաների համար: «Ուսանողի Տունը» Հայաստանի բուհեր ընդունված և Երևան քաղաքում ուսումնառություն ստացող ուսանողների կեցության և կրթության վայր է, որտեղ ամեն տարի տասնյակ ուսանողներ են բնակվում ՀՀ մարզերից` հասարակական հիմունքներով: Ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիպմանը «ԱքսելՄոնդրիանի» հիմնադիրը ուսանողների հետ խոսել է հաղորդակցության կարևորության, ապագայի մասնագիտությունների և հմտությունների մասին:

«Կարիք չկա ո’չ ոգևորվել, ո’չ էլ վախենալ արհեստական բանականության առաջացրած փոփոխություններից աշխատաշուկայում, հետևաբար և կրթության հանդեպ պահանջներում: Ձեր թշնամին AI-ը չէ, այլ միջակությունը: Որևէ հմտություն, որևէ մասնագիտություն բավարար տիրապետելը բավարար լավ չէ, իսկ բացառիկ ձեզ կարող է դարձնել ձեր ինքնությունն ու կրիտիկական մտածողությունը: Մի փորձեք անգիր արած տեքստերով վերապատմել աշխարհը, կասկածի տակ դրեք մաշված ճշմարտություններն ու առաջարկեք ձերը` հենվելով հայկական ինքնության և հարուստ մշակույթի վրա: Այդպես կբացահայտեք, թե իրապես որքան հարուստ եք»,-ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանը:

Քննարկմանը ուսանողները պատմել են սեփական երազանքների, մոտիվացիայի, համարձակության և երջանիկ լինելու բանաձևերիի մասին: Քննարկմանը ներկա է եղել նաև «Ուսանողի Տան» հիմնադիր Մհեր Մկրտչյանը, ով նոր ներգրավված ուսանողներին պատմել է «Ուսանողի տան» սաների հաջողությունների և համայնքային նախագծերի կարևորության մասին: «ԱքսելՄոնդրիան» ընկերությունն ուսանողի տան գրադարանին նվիրաբերել է արտասահմանյան գրականության դասական 100-յակը` ուսանողների ինքնակրթության և կրիտիկական մտածողության զարգացման համար:

«ԱքսելՄոնդրիանը» (AxelMondrian) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերություն է, որը Հայաստանում սկսել է իր նախագծերը 2022թ.-ին: Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերել հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը:

«Ուսանողի Տունը» հասարակական նախաձեռնություն է, որը հիմնադրվել է 2021 թվականին` Մհեր Մկրտչյանի կողմից: Մինչև այժմ ավելի քան 100 ուսանող է բնակվել, որոնց բնակավայրը Երևանից 60 կմ և ավել հեռավորության վրա է և որոնք ընդունվել են ՀՀ բուհեր Երևանում: Ուսանողները որպես փոխհատուցում իրենց իսկ համայնքներում հասարակական նշանակության ծրագրեր են իրականացնում, ինչի շնորհիվ տեղի երիտասարդները նույնպես ակտիվ ներգրավվում են: «Ուսանողի տուն»-ը կրթաթոշակներ է առաջարկում ուսանողներին` կորպորատիվ սեկտորի գործընկերների աջակցությամբ, ինչպես նաև բաց է համագործակցությունների համար` ուսանողների համար համակարգիչների, սարքերի և նախագծերին աջակցության միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս