Ալեն Սիմոնյանն Անդրանիկ Քոչարյանից դեռ Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ստացել

2025 թվականի ապրիլին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:

Անդրանիկ Քոչարյանի վերը նշված հայտարարության և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ի հիշատակմամբ, օգոստոսի 28-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու՝ արդյո՞ք ստացել է զեկույցը, այսինքն՝ սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը կներկայացվի՞ զեկույցը:

Սեպտեմբերի 1-ին ԱԺ նախագահի աշխատակազմից պատասխան գրություն ենք ստացել, որտեղ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը դեռ չի ստացել Քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Կարդացեք նաև

Հավելենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ խախտել է զեկույցի ներկայացման ժամկետներին վերաբերող իր խոստումը:

Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերի վերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ «քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նամակով կդիմի դեկտեմբերի առաջին տասնօրյակին», թեպետ ի սկզբանե զեկույցի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերին:

Դեկտեմբերի 12-ին 168.am-ը հերթական գրավոր հարցումն էր ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ ճշտելու, թե արդյո՞ք ԱԺ նախագահին զեկույցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու նամակն ուղարկվել է, եթե ոչ, ապա ե՞րբ է ուղարկվելու:

«Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ ձեր հարցադրումների պատասխանները կստանաք ԱԺ առաջիկա լիագումար նիստերի ընթացքում»,- նշվում էր մի քանի օր հետո մեզ ուղարկված հանձնաժողովի պատասխանում:

Սրանից օրեր անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմից մեզ հայտնել էին, որ նա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից նամակ չի ստացել:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը մինչ այս պահը զեկույցը չի ուղարկել Քննիչ հանձնաժողով հրավիրված ռազմական նախկին ղեկավարությանը, ինչպես նաև՝ համապատասխան գերատեսչություններին, համենայնդեպս, ապրիլ-մայիսի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեն այն չէր ստացել։ 

Եվ սա այն դեպքում, երբ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 22-ը հրավիրված անձանց իրավունքների վերաբերյալ սահմանում է.

«Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերն ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը:
(լր. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում նշված անձն իրավունք ունի՝
(փոփ. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ.

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ»:

2024 թվականին այս առնչությամբ մեր գրավոր հարցադրմանն Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ Քննիչ հանձնաժողով) հրավիրված բոլոր անձանց հարցաքննությունները տեսագրված են, և փոփոխության ենթակա չեն»: Արդյո՞ք Քոչարյանը չի հակադրվում ԱԺ կանոնակարգ-օրենքին:

Հավելենք, որ նա նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին:

Օգոստոսի 29-ին գրավոր հարցում ենք ուղարկել նաև Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը կներկայացվի՞ զեկույցը: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս