Այս մարդն ուղղակի հարվածում է մարդկանց խղճի ազատությանը․ Հովհաննես Իշխանյան

«Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը կալանավորում է եպիսկոպոսներին և գործարարներին քրիստոնեությունը պաշտպանելու համար»․ սա Հայաստանում տեղի ունեցողի մասին միջազգային հերթական արձագանքն է և ոչ միակը։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպն էր անդրադարձել 2024 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ զեկույցում նկատելով, որ Սահմանադրությունն ու օրենքն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և ապահովում են ցանկացած անձի իրավունքը՝ դատարանում վիճարկելու իր ձերբակալման կամ կալանավորման օրինականությունը, իսկ ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ հարգել է այդ պահանջները։

Գրող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը, սակայն, երկրում տեղի ունեցողի շուրջ միջազգային արձագանքը բավարար չի համարում։

«Հիշենք, թե 2018 թվականին և դրանից առաջ ինչպիսի արձագանքներ էին լինում․ նույնիսկ ԵՄ դեսպանն էր դատավարությունների մասնակցում»,- 168am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Իշխանյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այսօր, երբ ապօրինություններն ամեն քայլափոխի են, երբ կալանքը դարձել է հիմնական գործիքը, միջազգային կառույցները չեն դրսևորում նախկին ակտիվությունը։

«Կալանքը որպես խափանման միջոց են կիրառում, ու այդ պրակտիկան արդեն սխալ է։ Տեսնում ենք նաև՝ գործերն են կարված, և 1 հոգու հրահանգով է ամեն ինչը կատարվում։ Իսկ վերջինի մասին մենք ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներից գիտենք, այլև՝ դեռևս Վանեցյանի և ՀՔԾ պետի խոսակցությունից։ Հավելենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազը մարդ է, որը Ռուբեն Հայրապետյանի գործն էր խմբագրում, երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Մի խոսքով, տեղի ունեցող այս պրոցեսների առնչությամբ դրսից արձագանքները բավարար չեն, ու հատկապես, եթե հաշվի առնենք այն տեռորը, որ շուրջ 2 ամիս իրականացնում էր Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների նկատմամբ, որով նաև խախտում էր ՀՀ Սահմանադրությունը, Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը»,- մանրամասնեց իրավապաշտպանը՝ տեղեկացնելով նաև, որ «ՀայաՔվե» կազմակերպությունը նամակներ է ուղղել տարբեր միջազգային կառույցների, և նամակների պատասխաններն էլ բավարար չեն։

Ի դեպ, Հովհաննես Իշխանյանն ընդգծեց, որ եկեղեցու, նրա հոգևորականների թիրախավորմանը պետք է արձագանքեն ոչ միայն քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչները, այլև նրանք, ովքեր արժեք են համարում ժողովրդավարությունը։

«Մենք գործ ունենք խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների իրավունքի հետ, իսկ այս մարդն ուղղակի հարվածում է մարդկանց խղճի ազատությանը։ Նա, հերիք չէ՝ իր քիթը խոթում է կրոնական կազմակերպության գործունեության մեջ, դեռ մի բան էլ զրպարտում, վարկաբեկում է այդ կրոնական կազմակերպության առաջնորդներին։

Սա ոչ միայն կրոնական հարց է, այլև իրավունքի։ Ես՝ չլինելով որևէ կրոնական կազմակերպության անդամ, համարում եմ, որ ժողովրդավարության բաղկացուցիչ էլեմենտ է մարդու խղճի ազատությունը»,- պարզաբանեց նա։

Տեսանյութեր

Լրահոս