
Գրոսին հայտարարել է, որ ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«ԱԷՄԳ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», – նշել է նա՝ հավելելով, որ Իրանում կան բազմաթիվ օբյեկտներ, որոշները ենթարկվել են հարձակման, որոշները՝ ոչ։
Գրոսիի խոսքով՝ քննարկվում է, թե «ինչ գործնական եղանակ կարող է կիրառվել աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։
Նա պարզաբանել է, որ տեսուչները նախ կաշխատեն այն վայրերում, որոնք չեն վնասվել այս տարվա հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի ռմբակոծություններից։
ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները չդատապարտելը քննադատության և մեղադրանքների պատճառ էր հանդիսացել Իրանում:
Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցնում էր համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ:
Հուլիսի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը չի բացառում գործակալության տեսուչների՝ առաջիկայում Իրանի տարածք վերադառնալու հնարավորությունը: