
Ես կոչ չեմ արել. Միքայել սրբազանի գործով «արագացված» դատավարությունը շարունակվում է. հետազոտվում են ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
Նախորդ դատական նիստում Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց: Դատավորը մերժեց իրեն հայտնված բացարկի միջնորդությունը:
Կողմերն անցան հիմնական դատալսումների փուլ: Որոշվեց՝ քանի որ Միքայել սրբազանը հրաժարվել է հարցաքննությունից, օգտվել է իր՝ լռելու իրավունքից, դատարանը հիմնական դատալսումների փուլում չի նախատեսում մեղադրյալի հարցաքննություն:
Հաջորդիվ նիստն ընթացավ դռնփակ ռեժիմով, քանի որ ապացույցների ծավալի մեջ նաև Միքայել սրբազանի օրագիրն էր, որն անձնական տվյալներ էր պարունակում:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Այսօրվա դատական նիստը մեկնարկեց հանրային մեղադրողների կողմից դատալսումների փուլում բացման խոսքով:
«Ձևական առումով չկա հանցանք, իսկ բովանդակային առումով մենք տեսնում ենք, որ պետությունն, իր ողջ գործիքակազմն առած, ճնշում է ազատ խոսքը»,- ասաց Միքայել սրբազանի պաշտպան Ռոման Ահարոնյանը:
Երեմ Սարգսյանը երկրորդեց գործընկերոջը:
«Դուք ասում եք՝ կոչ է արել, ես էլ ասում եմ՝ կոչ չի արել, պատմել է նախկինում իր ունեցած զրույցների մասին»,- ասաց պաշտպանը:
Պաշտպաններից Մարինե Ֆարմանյանն էլ հիշեցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որում վերջինս խոսել էր Միքայել սրբազանի վարույթի մասին:
Ապացույցների հետազոտման ընթացքում դատարանում ցուցադրվեց Միքայել սրբազանի այն հարցազրույցը, որը դրված է մեղադրանքի հիմքում:
Հիշեցնենք` ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ՝ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց՝ պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- 2024 թվականին Gala TV-ի տեսագրության մեջ ասել էր նա։
Ի դեպ, մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը նույնատիպ հայտարարություններ էր արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին` 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Եվ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջվա հայտարարությունը, ու վարույթ նախաձեռնվեց։
Պաշտպանական կողմն ուշադրություն հրավիրեց հիշյալ տեսագրության այլ հատվածների վրա, որտեղից պարզ էր դառնում` Սրբազանն այդ տեսագրության մեջ զրուցում է մի քանի անձանց հետ։
Փաստաբան Ռոման Ահարոնյանը, օրինակ, նկատեց` Միքայել Սրբազանի խոսքերն ուղղված են սեղանի շուրջ նստած անձանց, և հավելեց` «Նաև ակնհայտ է, որ առնվազն որևէ հրամայական բայ օգտագործված չէ , սրանք դատողություններ են։ Առնվազն այս տեսագրությունից տեսնում ենք` խոսքերն ուղղված չեն լայն զանգվածներին»։
Երեմ Սարգսյանն էլ ուշադրություն հրավիրեց ապացույցի ձեռքբերման հարցի վրա. արդյո՞ք օրինական է ձեռք բերվել, ապա նաև` տեսագրության զննության արձանագրությանն անդրադառնալով` ասաց, «որ սա, որպես այդպիսին, հարցազրույց չէ, և սա ապացույցում չկա, որ կոչ է արել. գրված է` հրապարակային խոսքով է հանդես եկել, հայտարարություններ է արել»։
Մեղադրող դատախազը արձագանքելով պաշտպանական կողմի դիտարկումներին և անդրադառնալով «հարցազրույց» տերմինը վիճարկելուն, ասաց` միկրոֆոնը դրված է, դա ի՞նչ է։
Միքայել արքեպիսկոպոսն էլ ցույց տվեց դատական նիստերի դահլիճում դրված լրատվականների միկրոֆոնները և հակադարձեց` «հիմա սա հարցազրույց է՞. միկրոֆոնը դրված է»։ Հետո արդեն պաշտպանական կողմը համացանցով ու բառարաններով սկսեց դատախազին մեկնաբանել «հարցազրույց» տերմինի բոլոր իմաստները՝ նկատելով, որ հարցազրույցը նախևառաջ ենթադրում է` հարցի առկայություն։
Ի թիվս մեղադրանքի կողմի ապացույցների` մի քանի այլ տեսագրություններ ևս ուսումնասիրվեցին` կայքերից մեկին տրված հարցազրույցից մի հատված և Մայր Աթոռում մինչև ՔԿ քայլելը լրագրողների հետ զրույցի մի դրվագ, որոնք, ըստ մեղադրանքի կողմի, ապացուցում էին, թե սրբազանը վերահաստատել է ավելի վաղ` «Գալա թիվիում» արված պնդումները։ Ապա անդրադարձ կատարվեց խուզարկությամբ ձեռք բերված ապացույցներին։
Դրան հաջորդեց խուզարկության դրվագների ուսումնասիրությունը. Դատարանում հրապարակվեցին Միքայել Աջապահյանի սենյակների խուզարկության կադրերը։
Մանրամասները՝ տեսանյութում: