
Ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե իշխանության ցածր վարկանիշի մասին, այլ, թե ինչպես բարձրացնի սեփական վարկանիշը․ Հրանտ Միքայելյան

Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ․ սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-25-ն իրականացված հարցման արդյունքները։ Նիկոլ Փաշինյանն էլ հերթական հետընթացն է արձանագրել՝ սեփական վարկանիշի հանդեպ ունենալով 13 տոկոս վստահություն։
168․am-ը քաղաքագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ այս ցածր վստահության վարկանիշով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը հնարավո՞ր է։
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց․ «Դա կարող է արվել ընտրակեղծիքներով, մանիպուլյացիաներով և հիմնական թեկնածուներին բացառելով՝ թույլ չտալով նրանց պատշաճ մասնակցությունն ընտրական գործընթացներին։ Այս պարագայում, այո՛, իշխանությունների հավանական հաջողությունը հնարավոր է, մանավանդ, եթե սկսեն կոալիցիաներ կազմել, ու լինի համապատասխան արտաքին աջակցության ֆոն։ Օրինակ, եվրոպական առաջնորդները մայիսին գալու են Հայաստան, որպեսզի մասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչն էլ կօգտագործվի քարոզչության կողմից՝ արձանագրումով, թե Եվրոպային երբեք այսքան մոտ չենք եղել, դա այս իշխանության շնորհիվ է»։
Ամեն դեպքում Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ կարևորը ոչ միայն իշխանության ցածր վարկանիշն է, այլև՝ ընդդիմության բարձր վարկանիշը, ինչն այս փուլում առկա չէ։ Հետևաբար, ըստ նրա, ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե իշխանության ցածր վարկանիշի մասին, այլ, թե ինչպես բարձրացնի սեփական վարկանիշը։
Հարցին՝ հնարավո՞ր է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարված գործողությունը դառնա թրիգեր ընդդիմության կոնսոլիդացիայի համար՝ այս պահին առկա իմպիչմենտի գործընթացի շուրջ, քաղաքագետը պատասխանեց, որ այս փուլում այդ միտումը չի տեսնում։
«Այդ գործընթացն այս պահի դրությամբ պաուզայի վրա է և կարիք ունի ճիշտ կոմունիկացիայի թե՛ քաղաքական գործընկերների, թե՛ հանրության հետ»,- պարզաբանեց նա։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցի միակ օրակարգը Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելն է՝ վերջին իրողությունների մասին մեր վերջին հարցադրմանն էլ անդրադառնալով՝ Հրանտ Միքայելյանը նկատեց․
«Չեմ կարծում, թե միայն Միշուստինի հետ հանդիպման համար է Փաշինյանը գնում այնտեղ․ վարկածներ դժվար է հնչեցնել, բայց մենք գիտենք՝ մի քանի անգամ Փաշինյանը գնացել էր ՌԴ՝ Ալիևի հետ հանդիպելու համար։ Այս պահին՝ ռուս-ադրբեջնական լարվածության ֆոնին, թերևս քիչ հավանական է այդ հանդիպումը, բայց գուցե ուրիշ երկրների ղեկավարների հե՞տ է ցանկանում խոսել, կամ տեղեկությո՞ւն փոխանցել, բայց հաստատ շրջակա միջավայրի հարցով չի գնում»։