
Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները
Նողկանք եմ ապրում, երբ հետևում եմ այն արձագանքներին, որոնք հաջորդել են ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, իմ ընկեր Արման Գրիգորյանի վերջին հարցազրույցին:
Արման Գրիգորյանը գիտնական է, ով՝ իր կարգավիճակից ու բարոյական նկարագրից ելնելով, չի կարող «գործարքի» գնալ քաղաքական նպատակահարմարության, կոնյուկտուրայի, պոպուլիզմի, արկածախնդրության, տարատեսակ գրանտներով ձևավորվող վտանգավոր օրակարգերի հետ:
Արմանի ցանկացած ելույթ, խոսք, հոդված նման է ակադեմիական դասախոսության՝ իր կառուցվածքով և բովանդակությամբ, և նախատեսված չէ սպառման այն մարդկանց ու լսարանի համար, որոնք պատրանքը, արկածախնդրությունը, օտար շահեր սպասարկելը դարձրել են «փեշակ»՝ վարկաբելելով թե՛ քաղաքականությունը, թե՛ քաղաքագիտությունը:
«Դիպլոմավոր անգրագետների» էս աղմկոտ բանակը «համալրվել» է մարդկանցով, ովքեր պարտադիր ձախողվել են իրենց հիմնական մասնագիտություններում և գործազուրկ չդառնալու և «տուն պահելու» համար «դարձել» են «քաղաքագետ»:
Եվ ահա, էս մարդիկ, բովանդակային հարթության վրա, չկարողանալով հակադարձել Արմանին՝ նիկոլա- գեբելսյան պրոպագանդայի ոճով ակնհայտ կեղծ թեզեր են շրջանառում:
Օրինակ, կասկածի տակ են դնում Արման Գրիգորյանի տիտղոսներն ու դիրքը:
Գուցե ծիծաղելի է, բայց խնդիրն այն է, որ պրոպագանդիստական տեռորի ենթարկվող մեր հասարակության կամ նրա առաձին շերտերի մոտ կարող է էս տեսակ սուտը սպառողներ գտնել:
Արման Գրիգորյանն իր ոլորտի առաջատար գիտնականներից է, որի գործունեությունը համադրում է ակադեմիական խորը վերլուծությունը՝ քաղաքական պրակտիկայի և հանրային դիսկուրսի հետ։
Նրա տեսությունները և վերլուծությունները կարևոր հիմք են թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ համաշխարհային անվտանգության հարցերի ուսումնասիրության համար։
Նա շատ հեղինակավոր Լիհայի համալսարանի պրոֆեսոր է՝ միջազգային հարաբերություններ, անվտանգություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտացումով:
Լիհայն ԱՄՆ-ում ավելի քան 5000 բուհերի շարքում առաջին հիսնյակի համալսարան է, ինչը կարող է բավարար տպավորիչ չթվալ միայն մարդկանց համար, ովքեր լավ չեն պատկերացնում, թե դա իրականում ինչ է նշանակում։
Ինչ վերաբերում է Արմանի դիպլոմներին կրթական հետագծին, նա մագիստրոսի աստիճան ունի Չիկագոյի համալսարանից և PhD` Կոլումբիա համալսարանից:
Նա իր դոկտորական ատենախոսությունը գրելիս հաղթել է երկու մրցույթում, որը նրան հնարավորություն է տվել որոշ ժամանակ անցկացնել Հարվարդի համալսարանի երկու հեղինակավոր հաստատությունում` Օլինի ինստիտուտում և Բելֆերի կենտրոնում։ Ատենախոսությունը պաշտպանելուց հետո նա մի տարով հրավիրվել է Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտ (ETH Zurich), այնուհետև Միչիգանի համալսարան:
Այս ամենից շատ ավելի կարևոր է այն, որ Արմանի աշխատությունները հրատարկավել են քաղաքագիտական այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպես International Security, Security Studies, International Studies Quarterly, International Political Science Review, և այլն։
Նա իր աշխատությունները ներկայացնելու համար բազմաթիվ հրավերներ է ստացել Պրինստոնի, Չիկագոյի, Ֆլորդիայի, Կոլումբիա և այլ համալսարաններից։
Կարծում եմ՝ այսքանը բավարար է, որպեսզի պղպջակի պես պայթեն Արմանի մասնագիտական կարողությունները կասկածի տակ դնող դիլետանտների գռեհիկ փորձերը:
Իրենց արևմտամետ հռչակած էս խմբի մյուս փաստարկն այն է, թե ինչպես կարող է ԱՄՆ առաջատար համալսարաններում ակադեմիական կարիերա արած մարդը, այլ խոսքով՝ ԱՄՆ-ում փող վաստակող մարդը, կասկածի տակ դնել ամերիկյան կամ արևմտյան քաղաքականության այս կամ այն ասպեկտը կամ տարաձայնություններ ունենալ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ արևմտամետների կողմից հալած յուղի տեղ ընդունվող որոշ նարատիվների նկատմամբ:
Սրա պատճառն այն է, որ էս «մտքի գիգանտները» բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է ակադեմիական ազատությունը կամ գիտությունն ընդհանրապես:
Ամենազավեշտականն այն է, որ նրանք կատարելապես վարկաբեկում են արևմտյան արժեքները (որոնց պաշտպանությունը համարում են իրենց առաքելությունը)՝ Արևմուտքը նկարագրելով որպես մի տոտալիտար համակարգ։
Նրանք նաև ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես կարող է պրոֆեսիոնալի վարձատրությունը փոխկախակցված չլինել այս կամ այն շահախմբի քաղաքական օրակարգի հետ:
Էս մարդիկ, հավանաբար, չեն էլ լսել Միրշայմերի, Սաքսի, Մակգրեգորի, Բասևիչի, Ուիլկերսոնի, Ռեյ ՄքԳավերնի և բազմաթիվ այլ ամերիկացի գիտնականների, զինվորականների ու անվտանգության բնագավառի մասնագետների մասին, որոնց տեսակետները շատ չեն տարբերվում Արմանի տեսակետներից և որոնք նվիրյալ ամերիկյան պատրիոտներ են։
Վստահաբար, մեր պսևդոարևմտամետները չգիտեն նաև, որ վաղուց արևմտյան արժեքները կամ նույնիսկ Արևմուտքի իրական շահերը պաշտպանության կարիք ունեն՝ հենց Արևմուտքն իրենցով արած վերոհիշյալ շահախմբերից:
Ու վերջապես, էս մարդիկ չեն հասկանում, որ եթե Արմանի ասելիքին հակադրելու բան ունեն, նրան վիրավորելը, անվանարկելն ու պիտակներ փակցնելը նրա խոսքի արժանահավատությունը կասկածի տակ դնելու լավագույն ձևը չի։ Հատկապես, որ Արմանի խոսքը միշտ բծախնդրորեն վերլուծական, ոչ էմոցիոնալ ու ոչ պոլեմիկական է։
Փաստը, որ նրանք խուսափում են խոսակցությունն այդ հարթության վրա վարել, ընդամենը մատնում է նրանց մտքի ու ասելիքի բացակայությունը։ Այլ կերպ ասած, լավ հիմքեր կան կասկածելու, որ նրանց շարժառիթներն են կասկածելի, ոչ թե նրանց թիրախում հայտված գիտնականինը։ Իրականում սա մի ապշեցուցիչ պատկեր է։
Որևէ նորմալ մարդ պիտի մտածեր` լավ, էս մարդն Ամերիկայի լավագույն համալսարաններում ուսանած, ԱՄՆ-ի անվտանգության ուսումնասիրության բնագավառը ներսից իմացող մեկն է ու եթե էս տեսակ բաներ է ասում, գուցե փորձենք հասկանալ, թե ինչու է ասում։ Բայց ոչ։ Ավելի հեշտ է համապատասխան պատվերով նրան Կրեմլի ագենտ անվանելը»։