
Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման «մեծ հավանականություն» կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում են անձամբ հանդիպել։ Այս մասին Կուալա Լումպուրում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է CNBC-ն։
«Կարծում եմ՝ հանդիպման հավանականությունը մեծ է։ Կարծում եմ՝ երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեն դա անելու։ Ակնհայտորեն, մենք պետք է ճիշտ մթնոլորտ ստեղծենք, սահմանենք ճիշտ արդյունքները, որպեսզի այցը չլինի պարզապես այց, այլ ունենա կոնկրետ արգասիքներ»,- նշել է Ռուբիոն։
Նա կրկնել է՝ երկու կողմն էլ դա անելու մեծ ցանկություն ունեն, ԱՄՆ նախագահը՝ նույնպես։ Այդ մասին, ըստ Ռուբիոյի, հրապարակային կերպով հայտարարել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։«Ես հստակ ամսաթիվ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ դա մոտ է, դա տեղի կունենա», – ասել է Թրամփը։
Ռուբիոն նաև դրական է գնահատել ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչների միջև հունիսին Լոնդոնում տեղի ունեցած վերջին շփումը, որի ընթացքում կողմերը փոխադարձաբար նվազեցրին միմյանց նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։
Վան Իի հետ հանդիպումը Ռուբիոն գնահատել է «շատ կառուցողական և դրական»՝ նշելով, որ դա կամրապնդի երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան։