
Սրբազանների կալանքի որոշումը կայացրած Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։
Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն։
Էթիկայի հանձնաժողովը Մասիս Մելքոնյանի վերաբերյալ հաղորդումը ստացել է 2025թ․ հունվարի 23-ին։ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը հուլիսի 7-ին նիստի ժամանակ միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Մասիս Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքը։ Նրա խոսքով՝ եթե դատավորը պատշաճ պարզաբաներ այդ իրավունքը, ապա մեղադրյալը չէր ընկնի մոլորության մեջ, ստիպված չէր լինի պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ այնպիսի հարցերի, որոնք կարող էին վկայել իր դեմ։
Հովհաննիսյանը հիշեցրեց՝ մեղադրյալը, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, պարտավոր չէ ցուցմունք տալ և որևէ հարցի պատասխանել։ Մասիս Մելքոնյանը հարցաքննության ընթացքում, երբ մեղադրյալը հրաժարվել է պատասխանել տուժողի ներկայացուցչի հարցերին, նրան պարտավորեցրել է պատասխանել հնչեցրած հարցին՝ նշելով, թե եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին։
Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նա հայտնի է դարձել մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին, ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու իր որոշումներով, հունիսին նրա որոշմամբ 2 ամսով կալանավորվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։