
Ադրբեջանը պարտք ունի իր տերերի առջև. Մոսկվան իր ձեռքի տակ ունի լուրջ լծակներ՝ Ալիևին իր «տեղը ցույց» տալու համար. Գրիգոր Բալասանյան

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են բողոքի նոտաներ հղել միմյանց՝ իրենց երկրներում դիվանագիտական ներկայացուցիչներին կանչելով արտաքին գերատեսչություն։
Երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորացավ այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ռուս իրավապահների կողմից ադրբեջանցիներ սպանվեցին։ Այս գործողություններին հետևեց Ադրբեջանի կողմից Բաքվում բնակվող մի խումբ ռուսների ձերբակալությունը՝ բիրտ ուժի գործադրմամբ, որոնց Ադրբեջանը մեղադրում է թմրանյութեր ներկրելու մեջ։ Նաև հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության 7 աշխատակցի։ Գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը խոսելով Ադրբեջան-Ռուսաստան այս «հակամարտության» մասին, նկատեց՝ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այս ամենը սկսվեց և ինչո՞ւ հենց այս պահին։
Միջազգայնագետի կարծիքով՝ այս ամենն ունի և՛ աշխարհաքաղաքական նշանակություն, և՛ առնչություն ունի հետխորհրդային տարածքում տեղի ունեցող տրանսֆորմացիաների հետ։
«Տևական ժամանակ է՝ Ադրբեջանն անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Ուկրաինային։ Նաև Ադրբեջանը դարձել է ՀԱԲ եվրոպական պետությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների համար, շատ հաճախ Ադրբեջանի անունով նրանք տեխնիկա են փոխանցում Ուկրաինային։ Բացի այդ, Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանը տևական ժամանակ աշխատում է բացարձակապես ադրբեջանական հումքով։ Սա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, և եկել է ժամանակը, ըստ էության, որպեսզի Ալիևին իր «տեղը ցույց» տան։
Վերջին 3 տարիների ընթացքում ես մշտապես ասել եմ, որ Ադրբեջանը պարտք ունի իր տերերի առջև և պետք է ամեն ինչ անի, որ Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացի՝ Ուկրաինայից նրա ուշադրությունը շեղելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս պահին ահա այս գործընթացն է տեղի ունենում, բայց այս անգամ Մոսկվան առաջինը հարվածը հասցրեց, մտածված հարված հասցրեց Ալիևի իշխանության տնտեսական հիմքերից մեկին՝ Ռուսաստանի գյուղատնտեսական շուկաներին։ Դրանք ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ։ Այս ամենից զատ, տեսնելով, թե ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքներում, այստեղ ակնհայտ է, որ ներիշխանական և կառավարման համակարգի մեջ գնում է որոշակի պայքար։
«Գաղտնիք չէ, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Բեգլովը Բաքվում է ծնվել։ Ըստ էության ադրբեջանցիները Լենգրադում և Սանկտ Պետերբուրգում անսահմանափակ հնարավորություն և իշխանություն ունեն։ Հետևաբար, Պուտինին պետք էր սեփական շրջապատը մաքրել, և դրա համար նրան պատճառ էր պետք։
Եթե գլոբալ են նայում, ապա Իրանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ըստ էության չկարողանալով Իրանը ծնկի բերել, հիմա Արևմուտքը սա փորձում է անել Ադրբեջանով»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Հարցին, թե այս իրավիճակն ինչպե՞ս կարող է օգտագործել հակական կողմը՝ ի շահ սեփական շահերի, մեր զրուցակիցը պատասխանեց՝ գլոբալ առումով պետք է սկսի Արցախը վերադարձնելու պահանջից՝ օգտվելով Ռուսաստան-Ադրբեջան ակնհայտ թշնամական հարաբերություններից։
«Հասկանալի է, որ սա անիրատեսական է, ոչ թե այն պատճառով, որ տերությունները չեն թողնում, այլ՝ ՀՀ իշխանությունները չեն անի։ Հայկական կողմը կարող է նաև օգտվել այս իրավիճակից և մեկընդմիշտ ջարդել Ռուսաստանում ադրբեջանական մաֆիայի ողնաշարը և հասնել նրան, որ գյուղատնտեսական ոլորտից նրանք դուրս մղվեն՝ ճանապարհ բացելով հայ արտադրողների համար։ Սա ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություն է։
Նաև ադրբեջանցիներին պետք է դուրս մղել մեդիա հարթակներից, գաղտնիք չէ, որ «ՏԱՍՍ» և այլ խոշոր լրատվական գործակալությունները գրեթե գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Իհարկե, Հայաստանը կարող է իրավիճակն օգտագործել, բայց հաշվի առնելով, որ ԵԽ-ում ՀՀ պատգամավորների մի մասը դեմ են քվեարկում՝ Բաքու հատուկ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին, կարծում եմ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը չի մտնում Հայաստանի իշխող վարչակարգի առաջնահերթությունների մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացումներին, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ամեն ինչ առաջին հերթին կախված է Ալիևից։
«Եթե Ալիևն ունի հանձնարարական մինչև վերջ Ռուսաստանին ներքաշել այս բախման մեջ, ապա սա կշարունակվի։ Բայց Մոսկվան իր ձեռքի տակ ունի շատ լուրջ լծակներ Ալիևին իր «տեղը ցույց» տալու համար, սկսած գյուղատնտեսական շուկաները վերցնելուց։ Հետո կարող է հարց բարձրանալ, որ Լեռնային Դաղստանի հատվածում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող գյուղերում լեզգիների իրավունքներ են խախտվում, նաև սահմանազատման գործընթացը ճիշտ չի ընթացել։ Չմոռանանք, որ Հարավային Դաղստանից է Բաքուն սնվում ջրով։ Կոնֆլիկտի ծավալումը կախված է Ալիևի տերերից, ովքեր իրենց առջև խնդիր են դրել կա՛մ ցավեցնել Ռուսաստանին կա՛մ գլոբալ առումով հարավկովկասյան լուրջ հակամարտության մեջ ներքաշեն»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։